Ռուսական ուժերը Դոնեցկում Բախմուտի և Ուգլեդարի ուղղություններով շարունակում են հարձակողական գործողությունները։
Դոնեցկի ռուսական վարչակազմի ղեկվարի օգնական Յան Գագինը պետական հեռուստաընկերությամբ ասել է, թե Բախմուտը ներկա դրությամբ օպերատիվ շրջափակված է, ռուսական ուժերը փակում են քաղաքի շուրջ օղակը։
«Հիմա մարտեր են ընթանում Բախմուտը հարևան Չասով Յար քաղաքի հետ կապող մայրուղին վերահսկողության տակ վերցնելու համար»,- ասել է նա։
Հաղորդելով ռուսական կողմի պնդումները՝ «Ռոյթերսը» նշում է, որ անկախ աղբյուրներից այս պահին հնարավոր չէ ճշտել այդ տեղեկատվությունը։
Բախմուտի համար պայքարը կես տարի շարունակվում է, վերջին շրջանում ռուսական ուժերը հաղորդել էին քաղաքի շուրջ մի քանի գյուղեր գրավելու մասին։
Մինչ պատերազմը Բախմուտում 70 հազար մարդ էր ապրում, հիմա մնացել են մի քանի հազարը։ Ոստիկանության աշխատակից Պավլո Դյաչենկոն ասել է, որ հանդիպում են մնացած բնակիչներին՝ համոզելու տարհանվել քաղաքից։ Օրերս նրանք վեցամյա Ալինային տեղափոխել են Սլավյանսկ, որտեղ նա միացել է ընտանիքին։ Ալինան Բախմուտում մնացել էր ռուսների կողմից հրետակոծված շենքում, պապիկի ու տատիկի հետ։ Պավլո Դյաչենկոյի խոսքով՝ Բախմուտում դեռ մոտավորապես 200 երեխա կա։
Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտը հաղորդում է, որ ռուսական հրամանատարությունը կադրային զինվորականների խոշոր ստորաբաժանումներ է ուղարկել Բախմուտ՝ «Վագների» վարձկաններին օգնելու շարունակել հարձակման տեմպերը։ Ռուսներրը փորձում են հյուսիսից ու հարավից քաղաքը շրջափակելու վտանգներ ստեղծել՝ ուկրաինական ուժերին ստիպելու դուրս գալ քաղաքից։ Ուկրաինական կայազորը մատակարարումների, իսկ անհրաժեշտության դեպքում հեռանալու երկու ճանապարհ ունի՝ արևմտյան ուղղությամբ դեպի Չասով Յար, կամ Կրասնոե։
Ռուսական ուժերին դիմակայելու համար Ուկրաինան ապավինում է Արևմուտքի ռազմական աջակցությանը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախօրեին ասել է, որ պլանավորում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ քննարկել զենքի հետագա մատակարարումը։
«Բլումբերգ» կայքը, վկայակոչելով նոր փաթեթի մանրամասներին տեղյակ աղբյուրը, հայտնում է, որ ԱՄՆ-ն ևս երկու միլիարդ դոլարի ռազմական օգնություն է ցուցաբերում՝ հիմնականում հեռահար հրետանի և արկեր։
Երկու պաշտոնյաներ «Ռոյթերսին» ասել են, որ Ուկրաինային առաջին անգամ մեծ հեռահարության հրթիռներ են տրամադրվում, որոնք կարող են խոցել պատերազմական գոտուց խորը թիկունքում ընկած ռուսական ռազմական օբյեկտները։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելու տեղեկատվությունը, ասել է, թե դա լարվածությունը սրելու և էսկալացիայի մակարդակը բարձրացնելու ուղիղ ճանապարհ է։
Նրա ասելով՝ ռուսական կողմից լրացուցիչ ջանքեր կպահանջվեն, բայց դա (Ուկրաինային ռազմական օգնությունը-խմբ.) իրադարձությունների ընթացքը չի փոխի, հատուկ ռազմական գործողությունը կշարունակվի։
Չեխիայի նորընտիր նախագահ Պետր Պավելը միջազգային լրատվամիջոցին տված իր առաջին հարցազրույցում՝ BBC-ին ասել է, որ դաշնակից երկրների կողմից Ուկրաինային ցուցաբերվող ռազմական օգնությունը չպետք է որևէ տաբու ունենա, ներառյալ F-16 կործանիչների հարցում։
Նա դաշնակիցներին կոչ է արել չձգձգել որոշում ընդունելը, ինչպես եղավ ծանր հրասայլեր տրամադրելու հարցում, քանի որ ժամանակի գործոնը շատ կարևոր է Ուկրաինայի համար։
Ուկրինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը Sky News-ին ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանաբար կփորձի լայնածավալ հարձակում իրականացնել, ինչպես ներխուժման սկզբում։
«Ռուսաստանը պատրաստվում է առավելագույն սրացման, հավաքում է բոլոր հնարավոր ուժերը, վարժանքներ ու պարապմունքներ է անցկացնում»,- ասել է նա, նաև նշել, որ Ուկրաինան պատրաստվում է ռուսական կողմի լուրջ սրացումներին, որոնք կարող են սկսել առաջիկա երկու-երեք շաբաթների ընթացքում։
«Ամենածանր մարտերը դեռ առջևում են, պատերազմի առաջիկա մի քանի ամիսները վճռորոշ կլինեն»,- ասել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարը։