Reuters գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրները, հաղորդում է, որ ԱՄՆ-ը մտադիր է մոտ ապագայում Ուկրաինային փոխանցել մինչև 150 կիլոմետր հեռահարությամբ հրթիռներ:
Շվեդ-ամերիկյան նախագծման այս հրթիռներն արձակվում են նաև HIMARS կայանքներից և կարող են խոցել շարժվող թիրախները տասնյակ կիլոմետրեր հեռավորության վրա:
Մինչ այժմ ուկրաինական բանակին ամերիկացիների և այլ դաշնակիցների կողմից մատակարարվող հրթիռների հեռահարությունը 80 կիլոմետրից մի փոքր ավելի էր. դրանք նույնպես HIMARS կայանքների համար նախատեսված հրթիռներ են։
Ուկրաինան երկար ժամանակ ԱՄՆ-ից և դաշնակիցներից պահանջում է մինչև 300 կիլոմետր հեռահարությամբ բարձր ճշգրտության ATACMS հրթիռներ, որոնք կարող են արձակվել HIMARS կայանքներից: Մինչ այժմ արևմտյան դաշնակիցները հրաժարվում էին նման զինատեսակներ փոխանցել, ոչ պաշտոնական տեղեկություններով՝ քանի որ մտավախություն ունեն, թե ուկրաինացիները կսկսեն խոցել թիրախներ Ռուսաստանի տարածքի խորքում, ինչը կարող է հանգեցնել պատերազմի անվերահսկելի էսկալացիայի։
Reuters-ի տվյալներով՝ 2,2 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթի մասին կհայտարարվի արդեն այս շաբաթ: