Վլադիմիր Զելենսկի. «Ռուսական ահաբեկչությունը պետք է ամենուր պարտվի»

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, ամերիկյան Abrams M1 և գերմանական Leopard 2A6 հրասայլերը:

Դպրոցներում նոր առարկա՝ «Հատուկ ռազմական օպերացիա»

Ռուսաստանի կրթության նախարարությունը հայտնել է, թե 2024-25 թվականներին դպրոցներում պատմության դասագրքերում պարտադիր կլինի «հատուկ ռազմական օպերացիային» նվիրված հատուկ բաժին:

Գուցե այդ ժամանակ այսպես կոչված «օպերացիան» ավարտված կլինի կողմերից մեկի հաղթանակով, հիմա ոչ ոք չի կարող կանխագուշակել: Եվ գուցե այդ դասագրքում կասվի, որ «2023-ի հունվարի 31-ը՝ պատերազմի 342-րդ օրը սկսվել է Ուկրաինայի արևելքում ռուսների հուժկու գրոհներով և ուկրաինական բնակավայրերի հրթիռակոծություններով»:

Ուկրաինայի գլխավոր շտաբի փոխանցմամբ, ռուսներն օդային 3 և հրթիռային 4 հարված են հասցրել, բացի այդ, ավելի քան 60 համազարկ են արձակել հրթիռահրետանային կայանքներից:

Ուհլեդարը բախումների նոր էպիկենտրոն

Բրիտանական հետախուզության տվյալներով, ռուսները նախաձեռնում են համակարգված գրոհ Ուհլեդարի ուղղությամբ, և հավանաբար, այդ հատվածը կդառնա ռազմական առճակատման էպիկենտրոնը Դոնբասի շրջանում:

Սակայն, ըստ բրիտանացիների, ռուսները դեռ չունեն անհրաժեշտ ռեսուրսներ և տեղական ձեռքբերումներից զատ էական առաջխաղացում առնվազն այս օրերին չեն ապահովի:

Նախագահ Վլադիմիր Զելենսկին անցած գիշեր ավանդական տեսաուղերձում խոսել է լարված կացության մասին, բայց և ընդգծել, որ Ուկրաինան շարունակում է կռիվը:

«Ռուսական ահաբեկչությունը պետք է ամենուր պարտվի ռազմաճակատում, որ այլևս չկարողանա ավերներ թողնել մեր երկրում, որ մենք վերականգնենք երկիրը և ապացուցենք, որ մեր ազատությունն ավելի ուժեղ է»,- ասել է Զելենսկին:

Արևելքում ռուսների նոր հարձակումները Զելենսկին անվանել է ուկրաինացիներից վրեժ լուծելու փորձեր:

Ուկրաինան զենքի կարիք ունի

Ուկրաինան դիմադրությունը շարունակելու համար զենք է խնդրում Արևմուտքից: Ծանր տեխնիկայի հարցն արդեն համաձայնեցվել է, սակայն արդյո՞ք Ուկրաինան կստանա նաև օդանավեր, այդ սարսափազդու F-16-երը:

Ֆրանսիան և Լեհաստանը նկատել են տվել, որ դա հնարավոր է, բայց այս հարցում Կիևի համար տհաճ լուր է ստացվել Վաշինգտոնից:

«Միացյալ Նահանգներն Ուկրաինային կտրամադրի՞ չորրորդ սերնդի մարտական ինքնաթիռներ, այդ թվում՝ F-16-եր»,- այդ հարցին նախագահ Ջո Բայդենի պատասխանը բացասական էր, կարճ ու կոնկրետ. «Ոչ»:

«Բորիս, չեմ ուզում քեզ ցավ պատճառեմ, բայց հրթիռով դա մեկ րոպեում կարվի»

Մինչդեռ, ռուս-ուկրաինական պատերազմի պայմաններում պայթել է միջազգային նոր սկանդալ:

Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը BBC-ի նկարահանած վավերագրական նոր ֆիլմում ասել է, թե դեռ պատերազմից առաջ տեղի է ունեցել իր և նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը, որի ընթացքում Ջոնսոնը փորձել է բացատրել, որ հարձակումն Ուկրաինայի վրա աղետալի հետևանքներ կունենա: Այն ժամանակ արդեն ոչ ոք չէր կասկածում, որ առճակատումն ուր որ է կսկսվի:

«Եղավ մի պահ, երբ նա սպառնաց ինձ ու ասաց, թե, «Բորիս, չեմ ուզում քեզ ցավ պատճառել, բայց հրթիռով դա կարելի է մեկ րոպեում անել», նման մի բան ասաց»,- նշել է Ջոնսոնը BBC-ի թղթակցի հետ զրույցում:

Այդ հեռախոսազրույցի թեմաներից մեկը ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցելու հնարավորությունն էր:

«Բորիս, դու ասում ես, թե Ուկրաինան մտադիր չէ մոտ ապագայում միանալ ՆԱՏՕ-ին, ի՞նչ է նշանակում «մոտ ապագա»,- հարցրել է Պուտինը:

«Մտադիր չէ անդամակցել տեսանելի ապագայում, և Դուք դա շատ լավ գիտեք»,- պատասխանել է Ջոնսոնը:

Կրեմլը վրդովված է արձագանքում Ջոնսոնի խոսքին

Հարցազրույցից հետո Կրեմլն անմիջապես հայտարարել է, թե Պուտինը Ջոնսոնին նման բան չի ասել:

«Ոչ, այն, ինչ պարոն Ջոնսոնն է ասում՝ ճիշտ չէ, ավելի կոնկրետ դա սուտ է: Ուրեմն դա կամ միտումնավոր սուտ է, կամ վարչապետը չի հասկացել, թե ինչ է ասում Պուտինն, այդ դեպքում մի փոքր անհարմար ես զգում զրուցակիցների համար»,- ասել է Ռուսաստանի ղեկավարի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Նրա հավաստիացմամբ, Պուտինը խոսել է սպառնալիքների մասին, որոնք ի հայտ կգան, եթե Ուկրաինան միանա ՆԱՏՕ-ին, քանի որ այդ դեպքում ՆԱՏՕ-ի հրթիռները րոպեների ընթացքում կհասնեն Մոսկվա:

Ինքը Ջոնսոնը ենթադրում է, որ այդ հանգիստ ձայնով արված սպառնալից մեկնաբանություններով Պուտինն արձագանքում էր Ուկրաինայի հետ բանակցելու անհրաժեշտության մասին Լոնդոնի համառ խորհուրդներին:

Արևմտյան տանկերը կհասնեն Ուկրաինա

Ռուսաստանն անտեսել է այդ հորդորները, և ահա վաղը կմեկնարկի այս պատերզամի արդեն 12-րդ ամիսը: Ուկրաինան շարունակում է զինվել: Արտաքին գերատեսչության ղեկավարը հաղորդել է առաջիկայում ծանր տեխնիկա ստանալու մասին:

«Առաջին խմբաքանակով կստանանք 120-ից 140 արևմտյան հրասայլեր: Դրանց թվում են գերմանական Leopard-ներ, բրիտանական Challenger-ներ, ամերիյան M1Abrams -ներ: Սպասում ենք նաև ֆրանսիական Leclerc-ներ: Սա փոքր թիվ չէ, բայց մենք շարունակում ենք աշխատանքը և՛ մատակարարողների, և՛ մատակարարումների թիվը մեծացնելու համար»,- ասել է արտգործնախարար Դմիտրո Կուլեբան: