Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և կարևորել դրա հաղթահարման ուղղությամբ ՌԴ կողմից անհրաժեշտ քայլերի իրականացումը:
Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ առաքելության գործունեությանը:
Փաշինյանն ու Պուտինը քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին, նոյեմբերի 26-ին և 2022 թվականի հոկտեմբերի 31-ին ստորագրված Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը վերաբերող հարցեր:
Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել նաև հայ-ռուսական համագործակցության օրակարգային այլ հարցերի շուրջ:
Արդեն 51 օր է Արցախը շրջափակված է։ Արցախցիների խնդիրները չեն թեթևանում. հոսանքն օրական 6 ժամով անջատվում է, մթերքի հիմնական տեսակները կտրոնով են վաճառվում, դեղորայքի պակաս կա։ Գազամատակարարումը թեև վերականգնվել է, բայց էներգետիկ համակարգի մեծ ծանրաբեռնվածության պատճառով կապույտ վառելիք ունեն միայն Ստեփանակերտի բնակիչները: Թեև երեկվանից դասապրոցեսը վերականգնվել է, բայց մանկապարտեզները շարունակում են փակ մնալ։