Ինչո՞ւ «Մալաթիա» տոնավաճառի օրինակով չի փակվում «Սուրմալու» առևտրի կենտրոնը, ի՞նչն է խանգարում տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին նման որոշում կայացնել այն դեպքում, երբ «Սուրմալու»-ում ոչ միայն ողբերգական պայթյունից առաջ, այլև հետո՝ աշնանը, դարձյալ բազմաթիվ խախտումներ էին հայտնաբերել։ Եթե «Մալաթիա» առևտրի կենտրոնում դրանք 17-ն են, ապա ամիսներ առաջ «Սուրմալու»-ում գրեթե 6 տասնյակ խախտումներ էին հայտնաբերվել։
Հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմնից պնդում են՝ իրենք այս դեպքում առևտրի կենտրոնի գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու որևէ լիազորություն չունեն, քանի որ նախաքննություն է ընթանում։
«Էս պահին իրավական մեխանիզմ, որպես այդպիսին կասեցնելու, Տեսչական մարմինը չունի», - ասաց Քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արազ Պապիկյանը:
Տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի խոսքով՝ միայն քրեական գործից հետո է կասեցումը հնարավոր, եթե խախտումները վերացված չլինեն. - «Մեխանիզմները կան և համապատասխան ընթացք կտրվի, շատ կարճ ժամկետում տրամաբանական ավարտին կհասցվի»:
Գլխավոր դատախազությունից, մինչդեռ, «Ազատությանը» հայտնում են՝ իրենք պահանջել են Տեսչական մարմնին քննարկել առևտրի կենտրոնի գործունեությունը կասեցնելու հարցը, որը հենց ոլորտը վերահսկող գերատեսչության գործառույթն է։ Տեսչական մարմնից իրենց տեղեկացրել են, թե հայտնաբերվել են նախորդ ստուգումներից հետո չվերացված հրդեհային անվտանգության կանոններ, և որ դրանց վերացման համար ժամկետներ են տրվել։
«Դրանց վերացման նպատակով առևտրի կենտրոնի պատասխանատու աշխատակիցների համար սահմանվել են ժամկետներ, որոնք, ըստ խախտման վտանգավորության աստիճանի տարբեր են, և որոնց համար սահմանված վերջնաժամկետը դեռևս ավարտված չէ», - հայտնում են դախատազությունից։
Առնվազն 16 մարդու, այդ թվում՝ 1 երեխայի կյանք խլած պայթյունից գրեթե կես տարի անց հայտնի չէ, թե երբ կավարտվի նախաքննությունը։ Այս պահին 4 մեղադրյալներից միայն մեկն է կալանավորված՝ պահեստի շահագործողներից մեկը։ Որևէ մեկը մինչ այս պահը պատասխանատվություն չի կրել։
«Սուրմալու» առևտրի կենտրոնի փոխտնօրեն Վարդան Մանուկյանը պնդում է՝ իրենք պայթյունից հետո իրականացված ստուգումներից հետո փոփոխություններ են արել, 500-ից ավելի տաղավարներում կրակմարիչներ են դրել, ծխատար խողովակներ են անցկացրել, մալուխներն են փոխվում։
«Ծխատար համակարգերը բոլոր խանութներում դրված են ամեն մի քառակուսու համար և միանում են ուղիղ ԱԻՆ-ին», - նշեց Մանուկյանը:
Տեսչական մարմինը պայթյունից ամիսներ առաջ էլ էր առևտրի կենտրոնում տասնյակների հասնող խախտումներ արձանագրել։ Պարզվել էր, որ «Սուրմալու»-ում չի եղել հակահրդեհային ջրավազան, հրդեհավտանգ տանիքների վրայով օդային էլեկտրահաղորդման գծեր են անցկացված, խանութների դռները չեն բացվում դեպի դուրս, 3500 քառակուսի մետրը գերազանցող երկհարկանի առևտրի սրահում չկա հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգ, գոյություն ունեցող համակարգերն էլ սարքին չեն։
Վարդան Մանուկյանի խոսքով՝ հայտնաբերված խախտումների մոտ 40-50 տոկոսը վերացրել են։ Առևտրի կենտրոնի ներկայացուցիչը պատճառաբանում է, թե մեծ ծավալի պատճառով չեն հասցնում շուտ վերջացնել աշխատանքը։ Չասաց, թե երբ ամբողջովին կավարտեն. - «Չեմ կարող ասել, ժամանակը ցույց կտա: Անելով գնում ենք, մեծ է տարածքը»:
Ավելի քան 500 տաղավար կա «Սուրմալու»-ում։ Մոտ 5 տասնյակը օգոստոսին տեղի ունեցած պայթյունի հետևանքով վնասվել, ոչնչացվել էին։ Հիմա դրանցից մի քանիսի տեղում նոր, ժամանակավոր տաղավարներ են։
Ինչո՞ւ ողբերգական պայթյունից առաջ չփակվեց առևտրի կենտրոնը, երբ բազմաթիվ խախտումներ հայնաբերվեցին, Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալն ասում է, այն ժամանակ իրենց գործելաոճն այլ էր՝ պայթյունից հետո՝ այլ: Եթե նախկինում տնտեսվարողին ժամանակ էր տրվում խախտումները վերացնելու համար, հիմա անմիջապես դադարեցվում է գործունեությունը, ինչպես «Մալաթիա» տոնավաճառի դեպքում։