Պայքարում է արդարադատության համար՝ նաև հանուն երեխաների

Աստղիկ Շախաթունին զրուցում է «Ազատության» հետ

Աստղիկ Շախաթունին պայքարում է արդարադատության համար՝ նաև հանուն երեխաների։

Ամուսինը՝ ֆիզիկոս Հրայր Ազիզբեկյանը, մահացել է վրաերթի հետևանքով 2020 թվականի հուլիսին Կոտայքի մարզում միջհամայնքային ճանապարհի վրա։ Նախ նրա մեքենան բախվել էր գյուղացիներից մեկի մեքենային, տուժածներ չկային, ոստիկանությունը ժամանել, ապա հեռացել էր, Հրայրը կեսգիշերին մոտ դեռ սպասում էր ապահովագրության աշխատակիցներին: Այդ ժամանակ մեկ այլ մեքենա, ըստ նախաքննության նյութերի, մեծ արագությամբ հարվածել է փողոցում վթարված երկու մեքենաների միջև գտնված Հրայր Ազիզբեկյանին, նա տեղում մահացել է։

«Տուժող ևս կար, բայց իրենք լավ պրծան, մեկն էլ հենց էդ պահին էր դուրս եկել էդ երկու մեքենայի արանքից, նորից բախտի բերմամբ փրկվեց: Այսինքն՝ կարող է լինեին չորսը», - «Ազատության» հետ զրույցում պատմեց կինը:

Ողբերգական վրաերթից անցել է ուղիղ երկուսուկես տարի։ Ավելի քան մեկուկես տարի ձգված նախաքննությունից հետո մոտ 9 ամիս է գործն արդեն դատարանում է, սակայն 9 ամսում նշանակված 9 դատական նիստերից միայն երկուսն են կայացել, այն էլ՝ ոչ լիարժեք։

«Չես կարող մեղադրել, թե սա դիտավորություն է՝ մեկ մի փաստաբանը չկա, մեկ՝ մյուսը, մեկ՝ դատախազն է ինչ-ինչ պատճառով, մեկ դատավորն է վատառողջ, մեկ վկաներն են բացակայում, և այլն, և այլն: Բայց փաստը մնում է փաստ», - նշեց Աստղիկը:

Դատաքննության այսպիսի դանդաղ ընթացքը կնոջը ստիպում է հավատալ արդարադատության ոլորտին ծանոթ մտերիմների պնդումներին, թե այս գործը կարող է տարիներով ձգվել, ու պետք չէ հուսալ, որ մոտ ժամանակներս մեղավորները կպատժվեն։ Աստղիկը, սակայն, ասում է՝ խախտվում է ողջամիտ ժամկետում արդարադատության հասնելու իր իրավունքը։

«Ես, այո, ինձ պատասխանատու եմ զգում, որ այս գործը, այս դեպքը, այո, բարձրաձայնվի և օրինակելի դառնա այն իմաստով, որ հանցագործը կպատժվի, ու օրինակ ծառայի մյուսների համար, որ նախ՝ կրկին մեքենա նստելիս պահպանեն կանոնները անվտանգության, հետո էլ, եթե ինչ-որ բան է կատարվել, փորձեն անմիջապես օգնություն ցուցաբերել, չգիտեմ, շտապօգնություն կանչել և այլն, ոչ թե մտածել կաշին փրկելու մասին», - ընդգծեց կինը:

Մեղադրյալի աթոռին ոստիկանության աշխատակից է

Հրայր Ազիզբեկյանի վրաերթի գործով մեղադրյալի աթոռին է Կոտայքի մարզի ոստիկանության աշխատակից Վարդան Խաչատրյանը, որն իր մեղքը չի ընդունում և պնդում է, որ վրաերթի ժամանակ մեքենայի ղեկին իրականում հայրն է եղել՝ կրկին ոստիկանության Հրազդանի աշխատակից Սամվել Խաչատրյանը։ Ընդ որում, Կոտայքի մարզում Հրազդանից ոչ հեռու տեղի ունեցած վթարի քննությունն իրականացրել են հենց Կոտայքի մարզում՝ նախ՝ մոտ մեկ տարի Հրազդանում, ապա՝ Չարենցավանում։ Այստեղից էլ Հրայրի հարազատների մոտ սկսել են առաջանալ կասկածներ, թե նախաքննությունը կարող էր արդար չընթանալ։

«Բավական երկար ժամանակ հետո, երբ արդեն գործը հանձնվեց Չարենցավանի քննիչին՝ երրորդ քննիչին, նոր արդեն մեղադրյալը փոխվեց: Հենց սկզբից մեղադրյալ, նույնիսկ կասկածը իր վրա չի եղել, այնինչ բոլորն էլ գիտեին՝ ով է վարում այդ մեքենան, բոլոր ոստիկանները հետագայում ցուցմունք են տվել, որ միշտ ինքն է վարել: Եթե չլիներ մեր միջնորդությունը՝ ավելի լավ քննեն, և մեղադրյալը իրականում տղան է, ոչ մի բան էլ չէր լինի՝ այդպես կկոծկվեր, կգնար», - ասաց Աստղիկը:

Նախաքննության վերջին փուլում որպես մեղադրյալ ներգրավվել է Վարդան խաչատյանը, որը հոր ինքնախոստովանական ցուցմունքից հետո մինչ օրս չի ընդունում, որ ղեկին ինքն է եղել։ Ըստ նախաքննության՝ պարզվել է, որ վրաերթի ժամանակ մեղադրյալի հոր հեռախոսը տանն է եղել, հաշվի են առել նաև որոշ այլ հանգամանքներ, և տուժողի փաստաբանի միջնորդությունից հետո միայն կրտսեր Խաչատրյանն է դարձել մեղադրյալ.

«Հույս ունեին երևի, թե հայրը թոշակառու է, կասի՝ «լավ չեմ տեսել, շլացել եմ», ինչ-որ այդպիսի պատմություն էր պատմում՝ դիմացից մեքենա է գնացել, շլացել է, չի տեսել, հույս ունեին, թե գործը այդպես կփակվի, հայրը մեղքը իր վրա կվերցնի, մեկ-երկու տարի պայմանական կտան, դե մեծ մարդ է»:

Զոհված Հրայր Ազիզբեկյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Կարեն Քալանթարյանն ասում է՝ սա միակ խնդիրը չէ, որին բախվել են նախաքննության ընթացքում։ Ըստ փաստաբանի՝ պարզապես անթույլատրելի էր, որ հայր կամ որդի ոստիկանների մասնակցությամբ տեղի ունեցած հանցանքը քննեին նույն մարզում, որտեղ նրանք աշխատում են։ Ամբաստանյալ աթոռին հայտնված Վարդան Խաչատրյանը չի կալանավորվել և շարունում է աշխատել համակարգում։

Օպերլիազոր՝ հենց այն տարածքի, որտեղ դեպքը տեղի է ունեցել


«Հանդիսանում է ոստիկանության օպերլիազոր՝ հենց այն տարածքի, որ տարածքում որ դեպքը տեղի է ունեցել, սա էլ է խնդիր: Ես չեմ պատկերացնում մի աշխատակից, նամանավանդ՝ ոստիկանության աշխատակից, օպերլիազոր, որը էդ առումով կապեր չունի, գոնե ձևական բնույթով էդ գործը պետք է, իմ կարծիքով, տեղափոխվեր ուրիշ քննչական համապատասխան ստորաբաժանում, որ գոնե էդ մարզում չլիներ», - ընդգծեց փաստաբանը:

Գործով անցնող մեղադրյալն իր հերթին դժգոհ է նախաքննության ընթացքից, հատկապես այն պահից սկսած, երբ Քննչական կոմիտեն դադարեցրել է ավագ Խաչատրյանի նկատմամբ հետապնդումն ու ներգրավել կրտսեր Խաչատրյանին։

«Օբյեկտիվ իրականության մեջ էդպես էլ կա՝ իրականում ինքը ղեկին չի եղել, եթե ղեկին չի եղել մարդը, ո՞նց կարող է մի հանցանքի կատարման մեղքը ընդունել, որ ինքը չի կատարել: Գրեթե զրոյական ապացույցով իմ վստահորդի նկատմամբ մեղադրանք ներկայացվեց, և իրականացվեց քրեական հետապնդում», - «Ազատությանն» ասաց մեղադրյլաի փաստաբանը:

Փորձաքննություններից մեկն էլ պարզել է, որ Հրայր Ազիզբեկյանին վրաերթի ենթարկած մեքենան կարող էր արգելակել։ Ինչո՞ւ չի արգելակել՝ զոհվածի իրավահաջորդն իր կասկածներն ունի, իսկ մեղադրյալի փաստաբանը պնդում է՝ դիմացից կուրացնող լույսեր են եղել, որ փորձաքննությունը հաշվի չի առել։

Ողբերգությունն ամեն օր կրկնվում է, քանի դեռ չի հասել արդարադատության


Այս պահին հայտնի չէ, թե երբ կնշանակվի հաջորդ հերթական դատական նիստը։ Աստղիկի խոսքով՝ իր ապրած ողբերգությունն ամեն օր կրկնվում է, քանի դեռ չի հասել արդարադատության։

Նա թերթում է ընտանեկան ալբոմն ու ցույց տալիս 2020-ի ամռանը՝ ամուսնու մահից օրեր առաջ արված վերջին լուսանկարները. - «Հինգով ոչ մի նկար չունենք: Էնքան զբաղված է եղել, կամ երեխաներն էին փախնում, չէին թողնում նկարենք: Հինգով նկար այդպես էլ չունենք, ցավալի փաստ է»:

Հրանտն ու Տիրայրը հայրիկին հիշում են, իսկ Ալեքը նրա մահվան ժամանակ ընդամենը մեկուկես տարեկան էր։

«Մեծս բավականին մեծ էր, որ ինձ հետ հավասար լացեր և այդ ամենը վերապրեր, և հիմա էլ պարբերաբար հարցնում է՝ ի՞նչ եղավ, պատժեցի՞ն մեղավորին, որոշ մանրամասների տեղյակ է: Եվ դա էլ հիմնական պատճառներից մեկն է, որ անպայման ուզում եմ այս գործը մինչև վերջ հասցնել, այսինքն՝ մեղավորը պատժվի», - ասաց Աստղիկ Շախաթունին: