Հայաստանը նշում է Բանակի օրը

Զորահանդես Երևանի Հանրապետության հրապարակում, արխիվ

Հունվարի 28-ին Հայաստանը նշում է Բանակի օրը: Օրվա առթիվ ուղերձներ են հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսը, բարձրաստիճան պաշտոնյաներ, հասարակական- քաղաքական գործիչներ, կազմակերպություններ:

«Այսօր մենք նշում ենք մեր բանակի կազմավորման 31-րդ տարեդարձը և առաջին հերթին ոգեկոչում ենք մեր այն նահատակների հիշատակը, ովքեր իրենց կյանքն են տվել հանուն Հայրենիքի», - ասված է Հայաստանի վարչապետի ուղերձում:

«Այսօր հազարավոր նվիրյալներ ծառայելով հայկական բանակում՝ ծառայում են Հայաստանի Հանրապետությանը, անկախությանը, ինքնիշխանությանը, պետականությանը, և մենք ամեն ինչ պիտի անենք, որ նրանց ծառայության որակը փոխվի: Փոխվի նրանց մատուցած ծառայության որակը, փոխվի նրանց մատուցվող ծառայության որակը:

Սա է պատճառը, որ կառավարությունը լայնածավալ բարեփոխումներ է ձեռնարկել բանակում, որոնց նպատակը յուրաքանչյուր զինվորի, յուրաքանչյուր սպայի ավելի կարող ու պրոֆեսիոնալ, միևնույն ժամանակ, ավելի բարեկեցիկ դարձնելն է», - ասված է Նիկոլ Փաշինյանի ուղերձում, որը հրապարակված է Հայաստանի վարչապետի ֆեյսբուքյան էջում:

Ըստ վարչապետի՝ միջոցներ են ձեռնարկվում բանակը ժամանակակից սպառազինությամբ և տեխնիկայով համալրելու ուղղությամբ՝ փորձելով առավելագույնս քաջալերել նաև տեղական արտադրողներին:

«2018 թվականի նկատմամբ 2023 թվականի պաշտպանական բյուջեն ավելի քան կրկնապատկվել է», - նշված է ուղերձում:

Բայց, նշում է պետության ղեկավարը, «բարեփոխումների գործընթացն անցնցում չի ընթանում նաև բանակում, որովհետև անվտանգային անկայուն միջավայրը նորանոր մարտահրավերներ է բերում, որոնք երբեմն սադրում են կոպիտ սխալներ». - «Հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղի ունեցած ողբերգությունը, որ մեր ևս 15 զավակների կյանք խլեց, խեղդում է մեզ: Եվ ուզում եմ ներողություն խնդրել հրեշավոր հրդեհին զոհ գնացած բոլոր զինվորների ծնողներից և հարազատներից»:

Վահագն Խաչատուրյանը իր ուղերձում, որը հրապարակված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում, մասնավորապես գրում է. - «Անցած տասնամյակների ընթացքում մեր Զինված ուժերը ծանր փորձությունների միջով անցան՝ ճաշակելով և' հաղթանակի բերկրանք, և' կորուստների դառնություն, բայց մեր բանակի վերջնական նպատակը մնացել է միշտ նույնը՝ ապահովել խաղաղություն մեր ժողովրդի համար: Խաղաղ, անվտանգ ու պաշտպանված հայրենիք ունենալու համար հազարավոր հայոդիներ նվիրեցին իրենց կյանքը. խոնարհվում եմ նրանց հիշատակի առաջ»:

«Զինված ուժերի վերափոխման ու բարեփոխման գործում մենք, անշուշտ, դեռ շատ անելիքներ ունենք, բայց այդ գործում առավել էական է, թե որ սկզբունքներն ու հայեցակարգն են լինելու մեր ուղենիշերը: Այդ գաղափարները հստակ են՝ խաղաղություն, մեր պետության սահմանների ու ինքնիշխանության պաշտպանություն և անվտանգություն», - ասված է նախագահի ուղերձում:

Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսի ուղերձում, որը հրապարակել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը, մասնավորապես ասված է.

«Արցախյան 44-օրյա աղետալի պատերազմը, անցյալ տարվա սեպտեմբերին Հայաստանի սահմանների նկատմամբ ոտնձգությունները, հառնած մարտահրավերները և պաշտպանական լրջագույն հիմնահարցերը նոր հրամայականների առջև են կանգնեցրել մեր երկիրն ու ժողովրդին։ Այս ծանր իրավիճակում առաջնային և հրատապ է բանակի արդիականացումը՝ ժամանակի չափանիշներին ու պահանջներին համապատասխան։ Առաջնային և հրատապ է ազգային ողջ ներուժի համախմբումը, որպեսզի Հայոց բանակը շուտափույթ հաղթահարի պատերազմի պատճառած աղետալի հետևանքները, ամոքում գտնեն անդառնալի կորուստների վերքերն ու ցավերը, և բացառվեն այնպիսի ողբերգություններ, որ ապրեցինք շաբաթներ առաջ»։

«Հավատում ենք, որ Հայոց բանակը պիտի վերագտնի փառքի իր ճանապարհը և կարող լինի աննկուն ու հաղթական իրագործել իր սրբազան առաքելությունը:

Ի խորոց սրտի աղոթում ենք հայրենիքի պաշտպանության համար նահատակության պսակն ընդունած բոլոր քաջորդիների համար», - իր ուղերձում գրել է Վեհափառ Հայրապետը:

Բանակի օրվա առթիվ Հայաստանի վարչապետը և նախագահը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին, հաղորդում է Կառավարության լրատվականը:

Վարչապետը ծաղիկներ է խոնարհել Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

Առավել մանրամասն տե՛ս այստեղ