Դեռ երեք տարի առաջ Նարեկ Մելիքյանն իր հողամասն էր վարում, կարտոֆիլ, սմբուկ, լոբի աճեցնում, հիմա սայլակին նստած՝ սպասում է հարևանին՝ գա, խնամի, որ հողն անտեր չմնա, ինչպես ինքն ու իր առողջությունը։ Հանկարծահաս հիվանդությունը 29-ամյա Նարեկին զրկեց նախ ատամներից, հետո ոտքերից:
«Կամաց-կամաց սկսեցի չքայլել, երկու ոտքերս ատկազ եկան, տենց մտածեցի՝ հոգնածությունից է կամ ինչ-որ բանից է, չեմ հետևել, չեմ գնացել բժշկի: Դե տենց խնդիրներ չեմ ունեցել, արյան հետ է եղել խնդիրը էդ վախտ, թարախակալում է տակը եղունգի», - ասում է նա:
Արմավիրի մարզի Արշալույս գյուղում բնակվող երիտասարդ տղամարդու մոտ խցանող էնդարտերիտ է ախտորոշվել։ Սկզբից մի ոտքն է անդամահատվել, հետո՝ երկրորդը, բայց սա վերջը չէ, տագնապած է Նարեկը. «Հիմա անցել է իմ թևերին, բանը չհասնի նրան, որ ձեռքերս կտրեն: Խնդիրն այն է, որ ոտքերս որ կտրեցին արյան պատճառով, որ չէր աշխատում, նույնն էլ ձեռքերի մեջ է. եթե արյունը կանգնեց, կկտրեն, ուզեմ-չուզեմ»:
Առաջին կարգի հաշմանդամի 31 հազար դրամ նպաստը չի բավարարում միս, մրգեր՝ անհրաժեշտ վիտամիններով հարուստ սնունդ գնելու համար։ Գործազուրկ մայրը՝ տիկին Գայանեն է պատմում՝ լավագույն դեպքում ամիսը մեկ անգամ՝ թոշակը ստանալուն պես: Այսօրվա ճաշը նորից խաշած կարտոֆիլն է:
«Դեղերը իմ չեմ խմում, սնունդը չեմ ուտում, ինչ որ բժիշկն է ասել, բայց բժիշկն էլ մեղավոր չի, ինքը չի առնելու, ինքը միայն ասում է, բայց ինքը չգիտի, որ դու չունես էդ հնարավորությունը, հետո որ վատ լինես, գնաս իր մոտ, կասի՝ ես քեզ ասել եմ էդ սնունդը կեր, էտ դեղերը: Դե արի, ասա՝ բժիշկ ջան, որտեղի՞ց, հատը 3 հազար դրամ է էս դեղի, օրական մի հատ ես պիտի խմեմ», - պատմում է երիտասարդը:
Արյան մակարդումը կանխելու համար նշանակված դեղն արդեն 1 ամիս է վերջացել է, մինչև այդ էլ բարի մարդիկ էին գնել։ 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամները դեղերն անվճար են ստանում, եթե դրանք պետպատվերի ցանկում են. քսարելտոն այստեղ չկա, միայն փոխարինող ասպիրին կարդիոն։ Բժիշկը, Նարեկի խոսքով, իրեն բացատրել է՝ հիվանդության զարգացումը կանխարգելելու համար հենց իր նշանակած բուժումն է պետք. «Պիտի անպայման բանը հասնի նրան, որ ձեռքը կտրեն, նոր հավատա՞ն, որ ես այս վիճակի մեջ եմ»:
Դռների ճեղքերից ու թղթերով փակված պատուհաններից ցուրտը ոսկորների մեջ է մտնում... Նարեկին կատեգորիկ չի կարելի մրսել, հիվանդությունն անմիջապես սրվում է. «Ամեն օր ավելի է վատանում»:
Հայրն էլ Ռուսաստանում է՝ արտագնա աշխատանքի։ Միակ խնամակալը՝ մայրը արցունքները թաքցնելով պատմում է՝ ամբողջ օրը հին լուսանկարներն է թերթում, հեռուստացույց դիտում ու տառապում: Ասում է՝ կյանքի իմաստը կորցրել է։ Հիվանդությունից հետո կինը երկու դուստրերի հետ թողել, հեռացել է: Չորս պատից այն կողմ շարժվել չի ուզում, դժկամությամբ արձագանքեց մեր խնդրանքին էլ. «Հոգնել եմ այս կարգավիճակից, էլ իրոք չեմ կարողանում»:
Պետությունն ինչ կարող էր անել ինձ համար, արել է, չի դժգոհում Նարեկը՝ ցույց տալով նաև պրոթեզները, որոնք, սակայն, գործածել չի կարողանում. «Լավ պրոթեզ են տվել, բայց… հարցը աջ ոտքն է, ծունկ կա, բայց չի բացվում…սենց ես դանակի տակ եմ ընկնում անընդհատ, հոգնել եմ»:
Փրկության միակ ճանապարհը արտերկրում փնտրող երիտասարդ տղամարդը հիմա ապրում է հրաշքի սպասումով՝ եթե լսեն, եթե տեսնեն, եթե հավատան, որ ինքը դեռ կարող է ապրել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հիվանդության պատճառով ոտքերից զրկված երիտասարդը վախենում է՝ թևերին էլ նույնը չսպառնա. փրկությունն արտերկրում բուժումն է տեսնում