Զելենսկի. «Հետաքրքրված չեմ Պուտինի հետ բանակցություններով, նա ինձ համար ոչ ոք է»

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, արխիվ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր ասել է, թե հետաքրքրված չէ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններով:

«Դրանք [բանակցությունները] ինձ համար հետաքրքիր չեն: Հետաքրքրված չեմ հանդիպել նրան, զրուցել նրա հետ: Ես իսկապես չեմ հասկանում, թե ով է հիմա որոշումներ կայացնում Ռուսաստանում»,- ասել է Զելենսկին Sky News բրիտանական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Նա ավելացրել է, թե Ռուսաստանի նախաձեռնած «հատուկ ռազմական օպերացիայից» հետո Պուտինն իր համար «ոչ ոք է դարձել»:

Ավելի վաղ Զելենսկին հատուկ հրամանագրով արգելել է բանակցություններ վարել Ռուսաստանի հետ:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այդ կապակցությամբ ասել է, որ Մոսկվայի և Կիևի բանակցությունները հիմա իսկապես անհնարին են, «քանի որ դրանց համար պայմաններ չկան ոչ դե-ֆակտո, ոչ էլ դե-յուրե»: