Միացյալ Նահանգները և եվրոպական երկրները քննարկում են Ուկրաինային մարտական կործանիչներ տրամադրելու հնարավորությունը:
Այդ մասին հայտնում է Politico հանդեսը, որը վկայակոչում է արևմտյան բարձրաստիճան անանուն պաշտոնյաներին:
«Ուկրաինային հրասայլեր փոխանցելու համար պայքարը սոսկ սկիզբն էր, հաջորդ քայլը կործանիչների տրամադրումը կլինի»,- Politico-ին ասել է եվրոպական երկրներից մեկի անանուն դիվանագետը:
Օդանավերի խնդիրն ավելի բարդ է հրասայլերի համեմատությամբ: Եվրոպայում մեծ թվով կառավարություններ այլևս կասկածի տակ չեն առնում դրա նպատակահարմարությունը, բայց և մտահոգություն ունեն, որ օդանավերի տրամադրումն է'լ ավելի կսրի Արևմուտքի և Ռուսաստանի հակամարտությունը:
Ավելի վաղ Միացյալ Նահանգները հայտնել է Ուկրաինային Abrams տեսակի 31 հրասայլեր փոխանցելու մասին, իսկ Գերմանիան այլ երկրներին պաշտոնապես թույլատրել է Ուկրաինային տրամադրել Leopard 2 տեսակի հրասայլեր:
ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Ուկրաինայի պատվիրակության ղեկավար, Գերագույն ռադայի պատգամավոր Եգոր Չերնևն ասել է, որ Կիևը դեռ պատերազմի սկզբից է խնդրել F-16 տեսակի օդանավեր տրամադրելու մասին:
«Այդ օդանավերը կարող են և՛ ՀՕՊ գործողություն կատարել ու խոցել Ուկրաինայի վրա արձակված ռուսական հրթիռները, և՛ պաշտպանել ցամաքային ստորաբաժանումներն ու օդում առավելություն ապահովելով՝ նպաստել հետևակի հակագրոհներին», - ասել է Չերնևը: