Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկկա Հաավիստոն այսօր Ռիգայում Լատվիայի իր գործընկերոջ հետ կայացած մամուլի համատեղ ասուլիսում հույս է հայտնել, որ Թուրքիան կբացի ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհը։
«Մենք, իհարկե, այդ երկու երկրների ձեռքում ենք, որոնք մինչ հիմա չեն վավերացրել մեր հայտերը։ Մենք գիտենք, որ ՆԱՏՕ-ն մի ակումբ է, որտեղ բոլոր անդամները պետք է հաստատեն նոր անդամներին։ Հունգարիան մեզ խոստացել է, որ վավերացման հարցը խորհրդարանում կդրվի փետրվարին, հավանաբար փետրվարի վերջին։ Իսկ Թուրքիայի հետ ներկա պահին ժամանակացույց չկա։ Ստոկհոլմի միջադեպի պատճառով Թուրքիան հայտարարել է, որ սառեցնում է եռակողմ համագործակցությունը՝ գործընթաց, որը համաձայնեցվել էր անցած ամռանը՝ Մադրիդում», - նշել է նա:
Ֆինլանդիայի արտգործնախարարը ասել է, որ Շվեդիան և Ֆինլանդիան կարծում են, որ կատարել են եռակողմ համաձայնությամբ նախատեսված պարտավորությունները, մասնավորապես ահաբեկչության դեմ պայքարը և գործողություններ են ձեռնարկել PKK-ի դեմ, որը նույնպես ահաբեկչական կազմակերպություն, է և, իհարկե, ակնկալում են, որ Թուրքիան կատարի հաջորդ քայլը։ Պեկկա Հաավիստոն կարծիք է հայտնել, որ ուշացման պատճառը կարող է լինել Թուրքիայում սպասվող ընտրությունները։
Նա հույս է հայտնել, որ Թուրքիայում գարնանը նշանակված ընտրություններից հետո մինչև ՆԱՏՕ-ի Վիլնյուսի գագաթնաժողովն ընկած կարճ ժամկետում Թուրքիան կշարունակի իրենց հայտերի վավերացման գործընթացը։
Թուրքիայում համապետական ընտրությունները նշանակվել են մայիսի 14-ին, իսկ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Վիլնյուսում անցկացվելու է հուլիսի 11-12-ը։