Արդեն 4 տարի է ԿԳՄՍ նախարարությունը մի ուշագրավ դրամաշնորհային ծրագիր է իրականացնում՝ «Հայ գրականությունը թարգմանություններում», որը հնարավորություն է տալիս արտերկրում ներկայացնել հայ գրականությունը, մշակույթը, պատմամշակութային ժառանգությունը։
«Ազատության» հետ զրույցում նախարարության գրականության բաժնի ղեկավար Արմեն Սարգսյանը նշեց. - «Հասկացանք, որ հայ գրականությամբ աշխարհին ներկայանալու կարևոր առաքելություն ունենք։ Մի հսկայական ժամանակաշրջան այս քաղաքականությունը բաց էր թողնված»։
Սարգսյանի խոսքով, անգամ խորհրդային տարիներին հայ գրականությունը թարգմանաբար հիմնականում ներկայացվել է ռուսերեն և խորհրդային նախկին այլ հանրապետությունների լեզուներով, իսկ անկախությունից հետո արդեն իսկ պարզ էր, որ կարիք կա հայ գրականությունը տարբեր լեզուներով ընթերցողին ներկայացնելու. - «Գիտենք, որ հայաստանյան գրահրատարակչական շուկան փոքր է, Հայաստանում գրողները կայանալ չեն կարող՝ եթե, ի մասնավորի, նայենք միայն գրողների հանրահռչակման տեսակետից։ Բայց չէ՞ որ գրականության հանրահռչակումը բերում է նաև մշակույթի հանրահռչակմանը, որը իր հետ բերում է Հայաստանի նկատմամբ միջազգային հասարակության հետաքրքրության բարձրացմանը, տնտեսության զարգացում և այլն։ Այսինքն՝ մուլտիպլիկացիոն էֆեկտը շարունակվում է։ Եվ ահա հիմնադրվեց այդ ծրագիրը, որով ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կարող են դիմել արտասահման այն հրատարակչությունները, որոնք ցանկանում են իրենց երկրում օտար լեզվով հրատարակել հայ գրականություն։ Դրամաշնորհին կարող են դիմել 2023 թվականի հունվարի 1-ից մինչև օգոստոսի 31-ը։ Այդ ընթացքում հայտերը նախարարությունը հավաքում է, երկու ամսվա ընթացքում քննում է հայտերը և տարեվերջին ձևավորում է 2024 թվականին աջակցություն ստացողների ցանկը, կնքում է պայմանագրեր։ Այս տարի արդեն փետրվարին կկնքվեն արտասահմանյան 17 հրատարակչությունների հետ պայմանագրեր, որոնք 17 գիրք կհրատարակեն 7-8 լեզուներով»։
Ի պատասխան հարցին, թե ինչն է հետաքրքրում արտասահմանյան հրատարակչին, Արմեն Սարգսյանն ասաց. - ««Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը իրականացնելիս կարևոր է գրքի միջազգային ցուցահանդեսների օժանդակությունը, որովհետև մենք արտերկրում գործընկերներ ենք գտնում հենց այդ ցուցահանդեսների ժամանակ, որտեղ կազմակերպվում են շփումներ և' գրական գործակալների միջև, և' հրատարակչությունների միջև։ Եթե ժամանակակից գրողներով զբաղվում են իրենց գործակալները և իրենց հրատարակիչները, ապա դասական գրականությամբ, այսինքն՝ գրողներով, որոնց մահից անցել է արդեն 70 տարի, և նրանց գույքային իրավունքները ազատ օգտագործման համար են, այդ հեղինակներով զբաղվում է Կրթության, մշակույթի նախարարությունը։ Պիտի ասեմ, որ իհարկե մեծ մասամբ հետաքրքրությունը կենտրոնացած է ժամանակակից գրականության վրա, որովհետև դա շատ բնական է, մարդիկ սիրում են կարդալ իրենց ժամանակի գրականությունը։ Դա և միջավայրի ընկալման տեսանկյունից է ավելի հեշտ, և լեզուն է ավելի դյուրամարս, նաև թարգմանության համար բարդություններ քիչ են առաջանում՝ ի տարբերություն դասական գրականության, որը ավելի բարդ է թարգմանելը»։
Բայց դասական գրականությանն էլ անմասն չի մնացել։ Այս տարիների ընթացքում, օրինակ, Հովհաննես Թումանյանի հեքիաթները թարգմանվել են լատվիերեն, լիտվերեն, հոլանդերեն և գերմաներեն, տարբեր լեզուներով հրատարակվել են Րաֆֆու ստեղծագործությունները, «Սասունցի Դավիթ» էպոսը և այլ ստեղծագործություններ, որոնց զուգահեռ հրատարակվել են նաև ժամանակակից ամենատարբեր հեղինակաների ստեղծագործություններ։
Այս 4 տարիների ընթացքում «Հայ գրականությունը թարգմանություններում» ծրագրի շնորհիվ հրատարակվել է 60 անուն գիրք 23 լեզուներով։
Արմեն Սարգսյանը նշեց, որ բոլորովին վերջերս ԿԳՄՍ նախարարության և Չինաստանի Մշակույթի նախարարության ու այդ երկրի Գրահրատարակչության ինստիտուտի միջև կնքվել է հուշագիր, որի համաձայն առաջիկա տարիներին փոխադարձ թարգմանություններ պիտի արվեն բավական մեծ ցանկով գրքերի, դասական գրականություն. - «Այդ ծրագիրը կմեկնարկի արդեն 2023 թվականից, աշխատանքները կտևեն հինգ տարի, և դրա արդյունքում քսանհինգ հայ դասական գրողի գիրք կթարգմանվի չինարեն։ Դա, կարծում եմ, Չինաստանում հայ գրականությունը ներկայացնելու հրաշալի և բացահայտ հնարավորություն է։ Շուտով արդեն մեկնարկը կտրվի»։