Վրաստանի ծովային տրանսպորտի գործակալությունը չի հաստատում Սոչի-Բաթումի ծովային երթուղի բացելու շուրջ բանակցությունների մասին լուրերը։
«Վրաստանը ծովային ուղևորափոխադրումներ չունի ռուսական նավահանգիստների հետ։ Բացի այդ, ռուսական կողմը վրացական կողմին չի դիմել, և հետևաբար մենք չգիտենք ինչ բանակցությունների մասին է խոսում Սոչիի նավահանգստի վարչակազմը», - հայտարարել է գործակալությունը։
Սոչիի նավահանգստի տնօրեն Յուրի Վլադիմիրովն ավելի վաղ ասել էր, որ բանակցություններ են տարվում դեպի Աբխազիա և Վրաստան, նախնական տարբերակով՝ Բաթումի, ուղևորափոխադրումներ իրականացնելու համար։
«Մորպորտ Սոչի»-ի տնօրենն ասել էր, որ նոր երթուղիներ բացելու մեծ պահանջարկ կա, և հույս էր հայտնել, թե գալիք ամռանը կգործարկվեն Աբխազիա և Վրաստան ուղղությունները։