Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության գործունեությունն աշնանն ուղեկցվել է Պրահայում ձեռք բերված պայմանավորվածություններից լուրջ շեղումներով, անդրադառնալով դիտորդական նոր՝ երկարաժամկետ առաքելություն Հայաստան ուղարկելու Եվրամիության որոշմանը, հայտարարել է պաշտոնական Բաքուն՝ պնդելով, թե պատճառը միության որոշ անդամ երկրների կողմնակալ մոտեցումն է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ-ը հաստատել է Հայաստանում դիտորդական առաքելություն ստեղծելու որոշումըԹե որ երկրների մասին է խոսքը, արտաքին գերատեսչությունը չի հստակեցրել։ Ադրբեջանի արտգործնախարարությունը շեշտում է միայն, թե նոր առաքելության ներկայության չարաշահումը վտանգավոր է երկխոսության մեխանիզմների համար։
«Ադրբեջանական կողմն ակնկալում է, որ ԵՄ առաքելության մեկնարկը քննարկելիս առավելագույն ուշադրություն կդարձվի անցյալի փորձից անհրաժեշտ դասեր քաղելուն», - ասված է հայտարարությունում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ դիտորդներն ուղևորվել են հայ - ադրբեջանական սահման՝ պարեկություն իրականացնելուԱնցած տարի Ադրբեջանի հարձակումից մոտ մեկ ամիս անց Բաքուն համաձայնել էր, որ Հայաստանում տեղակայվեն Եվրամիության անզեն քաղաքացիական դիտորդները։ Այն ժամանակ առաքելությունը 2 ամսով էր հայ-ադրբեջանական սահմանի՝ Հայաստանի հատվածում։ Մինչդեռ այս մեկին՝ երկարաժամետ առաքելությանն Ադրբեջանն իր համաձայնությունը չի տվել։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պնդել էր, թե այս նոր առաքելությունը «տարածաշրջանի անվտանգությանը չի նպաստի»։
Պաշտոնական Երևանը ողջունել է Եվրամիության որոշումը։ Հայաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ հայկական կողմը պատրաստակամորեն կհամագործակցի առաքելության հետ և կաջակցի նրա գործունեությանը։
«Այս առաքելությունը կնպաստի տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանն ու անվտանգությանը», - հայտարարել է Միրզոյանը։
Նոր առաքելությունը Հայաստանում կտեղակայվի երկու տարի ժամկետով։ Կառույցի արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձ ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի խոսքով, առաքելությունը կազմված է լինելու մոտ 100 եվրոպացի մասնագետից. - «Հայաստանում հիմնվում է Եվրամիության նոր ամբողջական քաղաքացիական առաքելությունը՝ մոտ 100 անձնակազմով։ Առաքելությունը դիտարկելու և տեղեկացնելու է տեղում իրավիճակի մասին՝ նպաստելով մարդկանց անվտանգությանն ու Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդմանը»։
Դիտորական առաքելությունը կաջակցի նաև Եվրամիության խորհրդի նախագահ Շարլ Միշելի հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացին, հայտնում են Բրյուսելից։
Հայաստանում Եվրամիության նոր առաքելության տեղակայումը ոչ միայն լարել է Արևմուտք-Ռուսաստան առանց այդ էլ լարված հարաբերությունները, այլև հայ-ռուսականը, կարծում է «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Պատգամավորն ասում է՝ մինչ նման քայլի գնալը Երևանը հարցը պետք է քննարկեր դաշնակցի հետ, իսկ որ չի քննարկվել, պարզ է դառնում Մոսկվայից հնչող հայտարարություններից. - «Եթե անհրաժեշտ զրույց տեղի ունեցած լիներ, ապա Ռուսաստանի արտգործնախարարը այդպես չէր արձագանքի։ Իսկ Ռուսաստանի արտգործնախարարի մեկնաբանություններում ակնհայտ էր, որ ռուսական կողմը զարմացած է Հայաստանի քայլից և հատկապես այն պատճառով, որ առաջինը ՀԱՊԿ-ն է ներկայացրել իր աջակցությունը և իր պատրաստակամությունը դիտորդներ տեղակայելու հարցում»։
Ընդդիմադիր գործիչը չի շտապում գնահատել, թե ինչ ազդեցություն կունենա առաքելության տեղակայումը Հայաստանում՝ հաշվի առնելով նախորդի փորձը։ Անցած տարի Ադրբեջանի հարձակումից մոտ մեկ ամիս անց Հայաստան ժամանած ԵՄ դիտորդների առաքելության ժամանակ սահմանին հարաբերակական խաղաղ էր, թեև հրադադարի խախտումներ կային, բայց լայնածավալ գործողություններ չեղան. - «Դժվար է դա ամբողջովին կապել ԵՄ դիտորդական առաքելության հետ։ Օրինակ, 44 -օրյա պատերազմից հետո Հայաստանի Հանրապետությունը երեք անգամ հարձակման է ենթարկվել։ Դրանք եղել են որոշ դեպքերում վեց ամսվա պարբերականությամբ, որոշ դեպքում՝ ութ-ինը ամսվա։ Այսինքն՝ եթե նայենք վերջին երկու տարվա իրադարձությունների վիճակագրությունը, ապա դրանք եղել են որոշակի պարբերականությամբ՝ նվազագույնը վեց ամսվա»։
Միևնույն ժամանակ, պատգամավորը չի բացառում, որ ԵՄ դիտորդների ներկայությունը ևս որոշակի զսպիչ ազդեցություն է ունեցել և կարող է ունենալ Ադրբեջանի համար։
Մինչդեռ իշխող «Քաղաքացիական պայմանագրում» եվրոպացի դիտորդների ներկայությունը ռազմական բախումները բացառելու լուրջ կանխարգելիչ գործոն են համարում։
«Իհարկե դա կատրայալ երաշխիք չէ, բայց շատ կարևոր է նրանց երաշխավորությունը։ Եվ էդ առումով, կարծում եմ, որ դա մեր դիվանագիտության հաջողություններից կարելի է համարել», - ասում է պատգամավոր Վիգեն Խաչատրյանը («Քաղաքացիական պայմանագիր»)։
Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանի քննադատությանը, թե իշխանությունը եվրոպացի դիտորդների տեղակայումից առաջ հարցը պետք է քննարկել Ռուսաստանի հետ՝ Խաչատրյանը քննադատության սլաքներ ուղղեց Մոսկվային. - «Եթե դաշնակիցն իր դաշնակցական պարտավորությունները լավ կատարեր, նման առաքելության կարիքը կարող ա ընդհանրապես չզգացվեր»։
Օրերս Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էր անդրադարձել դիտորդների տեղակայմանը. - «Չնայած, որ մենք դաշնակիցներ ենք, և ՀԱՊԿ այդ առաքելությունը լիովին պատրաստ է, հայկական կողմը նախընտրում է պայմանավորվել, որ այնտեղ երկարատև կտրվածքով Եվրամիության քաղաքացիական առաքելություն տեղակայվի»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լավրովը՝ Լաչինի, ազգերի ինքնորոշման ու ՀԱՊԿ-ում հակասությունների մասինԼավրովը շեշտել էր, որ դա Հայաստանի իրավունքն է, բայց պետք չէ մոռանալ, որ խոսքը Ադրբեջանի հետ սահմանի մասին է։ Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը զգուշացրել էր, որ եթե այդ առաքելությունը տեղակայվի առանց Ադրբեջանի համաձայնության, դա կարող է հակառակ արդյունքը տալ, և կարող է հավելյալ խնդիրներ ստեղծել։