Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը համերգով է նշում հիմնադրման 17-րդ տարեդարձը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, հիմնադիր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, հունվարի 25-ին Արամ Խաչատրյան համերգասրահում հանդես կգա նվագախմբի հիմնադրման 17-րդ տարեդարձին նվիրված համերգով։

Նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը «Ազատության» հետ զրույցում հիշեցրեց, որ նվագախմբի անդրանիկ համերգը տեղի է ունեցել ճիշտ 17 տարի առաջ հունվարի 25-ին։ Առաջիկա համերգը, սակայն, ունի ևս մեկ ուշագրավ առանձնահատկություն՝ կապված նվագախմբի հյուրախաղերի հետ Մեծ Բրիտանիայում. - «Այս համերգը խորհրդանշանական է նրանով, որ նվագախումբը փերտվարին մեկնելու է Միացյալ Թագավարություն, տասը համերգով հրավիրված ենք ներկայանալ տասը համերգասրահներում, և դա տեղի է ունենալու Արամ Խաչատրյանի 120-ամյակի միջոցառումների շրջանակում։ Ծրագրում հնչելու են նրա ստեղծագործությունները՝ Ջութակի կոնցերտը, ինչպես նաև հատվածներ «Սպարտակ» բալետից, «Դիմակահանդես»-ից, «Գայանե» բալետից և այսպես շարունակ։ Հունվարի 25-ի համերգը հյուրախաղերին նախորդող համերգն է, որտեղ մենք կներկայացնենք նաև Չայկովսկու Չորրորդ սիմֆոնիան, որը որ մեր հյուրախաղերի ժամանակ նույնպես հնչելու է»։

Գործունեության 17 տարիների ընթացքում նվագախումբը լուրջ արդյունքներ է գրանցել թե' Հայաստանում և թե' արտերկրում։ Հարցին, թե որն է նվագախմբի հաջողության գաղտնիքը, Բալբաբյանը պատասխանեց. - «Նվագախումբը ստեղծել է Սերգեյ Սմբատյանը իր ընկերների հետ՝ այդ թվում ես, ինչպես նաև մեր մյուս երաժիշտները, ովքեր էդ ժամանակ ուսանող էին։ Մենք միասին հավաքվեցինք, սկսեցինք նվագել։ Սերգեյ Սմբատյանն էլ ղեկավարում էր։ Եվ մեզ շատ-շատ օգնում էր մեր ականավոր դիրիժոր Յուրի Դավթյանը։ Եվ քայլ առ քայլ մենք ստեղծեցինք սկզբից փոքր կամերային նվագախումբ, ապա մեծացանք, դարձանք սիմֆոնիկ նվագախումբ՝ սկզբից երիտասարդական անվամբ, հետո դարձանք արդեն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ։ Պիտի նշեմ, որ այս 17 տարիների ճանապարհը մի ահռելի աշխատանքի ճանապարհ է՝ անընդհատ անելով նոր նախագծեր, նոր համերգներ, հյուրախաղեր։ Իրականում, երբ ամփոփում ես այդ անցած տարիների աշխատանքը, տեսնում ես, որ դրանք ոչ թե 17, այլ կարելի է ասել 17 տարվա ընթացքում մենք արել ենք շատ ավելի շատ տարիների աշխատանք»։

Այս տարիների ընթացքում նվագախումբը հարյուրավոր համերգներով հանդես է եկել ոչ միայն Հայաստանում և արտերկրում, նաև միջազգային մի շարք փառատոների պաշտոնական նվագախումբն է հանդիսանում, իսկ Հայաստանում հիմնել է Արամ Խաչատրյան միջազգային ամենամյա մրցույթը և մի քանի միջազգային, արդեն ավանդական դարձած ամենամյա երաժշտական փառատոներ, որոնց պաշտոնական նվագախումբն է նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։

Հավելենք, որ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ նվագախումբն իրականացնում է նաև կրթական և այլ ծրագրեր։ Այս տարիների ընթացքում նվագախումբը սեփական տանիքը չուներ, և միայն երկու տարի առաջ կառավարության որոշմամբ նրանց հանձնվեց Սիրահարների այգում գտնվող նախկին Կամերային երաժշտական թատոնի շենքը, որը սակայն միայն հիմնանորոգումից հետո կարող է ծառայել որպես տարածք փորձերի համար։

Նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանի խոսքով, արդեն ավարտին են մոտենում նախագծահաշվարկային աշխատանքները և շուտով կսկվեն շինարարական աշխատաները. - «Այնտեղ կար թատրոն, հիմա այդ թատրոնը դառնում է մեծ փորձասենյակ, տարածք, որտեղ իրականացվելու են նաև շատ-շատ հետաքրքիր միջոցառումներ։ Եվ վերջապես Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կդադարի դեգերել տարբեր տեղերում՝ փորձելով գտնել տեղ, որտեղ կարող է իրականացնել իր բնականոն գործունեությունը։ Ես պետք է նշեմ, որ շատ շնորհակալ եմ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությանը, որ այս հարցը, որը որ տարիներ շարունակ իր լուծումը չէր գտնում, վերջապես գտավ իր լուծումը։ Ճիշտ է, մենք այնտեղ դեռ փորձեր չենք իրականացնում, բայց այդ պահը շատ մոտ է։ Մեծ հույս ունենք, որ տարվա վերջին կունենանք արդեն որոշակի արդյունքներ»։

Հարցին, թե ինչ միջոցներով են իրականացվելու հիմնանորոգման աշխատանքները, Բալբաբյանն արձագանքեց. - «Հենց որ մոտակա օրերին ունենանք նախագծանախահաշվային ամբողջական փաթեթը, մենք պետք է տեսնենք, թե ինչպիսի գումարների մասին է խոսքը։ Եվ ապա այդ գումարը արդեն պիտի կարողանանք հայթայթել նաև պետական միջոցներից, որովհետև սա պետական նվագախմբի կարևոր տարածքն է լինելու, հիմնական բազան։ Ինչպես նաև հովանավորները, բնականաբար, նույնպես կօգնեն այդ հարցում»։