Վարշավան կգտնի գերմանական Leopard 2 տանկերը Կիև տեղափոխելու միջոց նույնիսկ առանց Գերմանիայի թույլտվության։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին։
Նա նշել է, որ եթե Գերմանիան չհամաձայնի այդ տանկերի մատակարարմանը, Լեհաստանը պետությունների ավելի փոքր կոալիցիա կստեղծի, որը պատրաստ կլինի Ուկրաինայի հետ կիսել ոչ միայն Leopard 2-ը, այլև այլ զրահամեքենաներ։
Համաձայն միջազգային կանոնների՝ ոչ մի պետություն չի կարող զենք փոխանցել մյուսին առանց արտադրող երկրի համաձայնության։
Ավելի վաղ պաշտոնական Կիևը դիմել էր Վաշինգտոնին և Բեռլինին՝ խնդրելով հարյուրավոր տանկեր տրամադրել, ինչն ըստ ուկրաինական իշխանությունների՝ հնարավորություն կտար հաջողությամբ դիմակայել ռուսական կողմին և որոշիչ հակահարձակման անցնել։ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լոյդ Օսթինը, սակայն, հայտարարել է, որ Ուկրաինային «Աբրամս» մակնիշի տանկեր տրամադրելու վերաբերյալ որևէ նորություն հայտնել չի կարող։
Գերմանիայի նորանշանակ պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը ևս նշել է, որ Ուկրաինային «Լեոպարդ» մակնիշի տանկերի մատակարարման մասին որոշումը Բեռինում դեռ չի կայացվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բեռլինը Կիևին տանկեր կմատակարարի միայն ԱՄՆ-ի նույնօրինակ որոշման դեպքում. The Wall Street Journal