Ստեփանակերտից հայտնում են՝ ադրբեջանական կողմը կրկին ամբողջությամբ արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը։
«Ցելսիուսի սանդղակով Արցախում -5 աստիճանի պայմաններում բնական գազի՝ վերջին օրերին արդեն որերորդ անգամ անջատումը մեկ անգամ ևս փաստում է, որ պաշտոնական Բաքուն Արցախի 120 հազար շրջափակման մեջ գտնվող խաղաղ բնակչության նկատմամբ, միջազգային հանրության թողտվության պայմաններում, վարում է բացահայտ ահաբեկչական քաղաքականություն», - ասված է տարածած հաղորդագրությունում։
Շրջափակման ընթացքում Արցախում արդեն չորրորդ անգամն է խափանվում գազամատակարարումը։ Ավելի վաղ էլ՝ հունվարի 9-ին վթարվել է Հայաստանից մտնող հոսանքի գիծը, Ստեփանակերտի հաղորդմամբ, ադրբեջանական կողմը չի թողնում այն վերանորոգել։ Ստեփանակերտն այսօրվանից անցնում է հոսանքի հովհարային անջատումների նոր ռեժիմի՝ քաղաքացիները օրական երկու անգամ երեք ժամ տևողությամբ էլեկտրաէներգիա չեն ունենա։ Անջատումների ժամանակացույցը պարբերաբար թարմացվում է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Շրջափակման 41-րդ օրն է. Արցախն այսօրվանից անցնում է հոսանքի անջատումների նոր ռեժիմի