«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 24-րդ փառատոնի նախաձեռնությամբ հաջորդ ամսվա առաջին երկու օրերին հայ երաժշտասերներին աննախադեպ երաժշտական իրադարձություն է սպասվում։ Փետրվարի 1-ին և 2-ին Արամ Խաչատրյան համերգասրահում հանդես կգա աշխարհահռչակ դաշնակահար Դենիս Մացուևը։
«Ազատության» հետ զրույցում «Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի գործադիր տնօրեն Սոնա Հովհաննիսյանը նշեց. «Մացուևի համերգը շատ սպասված է, կան սպասված համերգներ, կան շատ սպասված, բայց այս մեկն իսկապես շատ-շատ սպասված էր: Ես ինչ հիշում եմ մեր փառատոնի կենսագրությունը, հիշում եմ՝ մարդկանց խնդրանքը լսելու իրեն Երևանում»:
Փետրվարի 1-ին Դենիս Մացուևը հանդես կգա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Կհնչեն Սերգեյ Ռախմանինովի Սիմֆոնիկ պարերը և Դաշնամուրի 3-րդ կոնցերտը։ Իսկ փետրվարի 2-ին Դենիս Մացուևը հանդես կգա մենահամերգով՝ կատարելով Չայկովսկու, Ռախմանինովի և Մուսորգսկու դաշնամուրային ստեղծագործությունները։ Աշխարհահռչակ դաշնակահարի հետ փառատոնի շրջանակներում հյուրախաղերով հանդես գալու պայմանավորվածությունը բարդ գործընթաց է եղել՝ ընդգծում էր Սոնա Հովհաննիսյանը:
«Անգամ Ռուսաստանի խնդիրների ֆոնի վրա այնպես չի, որ նա զբաղված չէր, որովհետև Ռուսաստանն այնքան մեծ երկիր է և այնքան շատ փառատոններ ունի ու կատարումներ, որ նույնիսկ արդեն տարիներ է, որ խոսում ենք դրա մասին: Նախորդ տարի էլի շատ երկար տևեց մինչև այս օրերը գտավ: Հետո եթե նկատեցիք, մենք հայտարարեցինք ամսի 6, հետո իր մոտ էլի բան փոխվեց, ինքը փոխեց ամսի 1-2, այնպես որ իսկապես օրակարգը գերզբաղված է: Կենսագրությունը կարդալիս հասկանում ենք, որ շատ մեծ երաժշտի հետ գործ ունենք», - ներկայացրեց Հովհաննիսյանը:
2023 թվականը «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը սկսում է երաժշտական մեծ իրադարձությամբ՝ Մացուևի հյուրախաղերով, իսկ տարվա ընթացքում անելիքները շատ են, ասում էր փառատոնի գործադիր տնօրենը՝ Սոնա Հովհաննիսյանը:
«23 թվականը «Հեռանկարների» կյանքում կարևոր է, որովհետև մենք զուգահեռ պատրաստվում ենք 24 թվականին, երբ նշելու ենք մեր 25-ամյակը: Քառորդ դար արդեն «Հեռանկարները» կա որպես մեր երկրի առաջին փառատոն, ու 23 թվականը չի կարող կարևոր չլինել, որովհետև մենք պատրաստվում ենք, ծրագիր ենք մշակում, հյուրեր ենք նախատեսում հրավիրել: 23-ն էլ արդեն տոնական ծրագիր ունի, որովհետև անուններ, որոնց երազել ենք երբևէ այստեղ տեսնել, անհավանական է, մենք էլ աֆիշը պատրաստում ենք ու զարմանում ենք, որ Լեոնիդաս Կավակոսն է լինելու Երևանում կամ Աննա-Սոֆի Մոտերը», - ներկայացրեց նա: