Վրաստանում՝ մայրաքաղաք Թբիլիսիից մոտ 30 կիլոմետր արևելք գտնվող Սագարեջո ավանում, մի նախկին զինծառայող իր տան պատշգամբից ինքնաձիգից կրակ է բացել մարդկանց վրա:
5 բնակիչ սպանվել է, ևս 5-ը վիրավորվել են: Սպանվածների թվում է նաև հանցագործի վնասազերծման գործողությանը մասնակցած ոստիկաններից մեկը:
Երբ ոստիկանները ներխուժել են նախկին զինծառայողի բնակարան, նրան տեսել են գլխի շրջանում վերքով, անշարժ վիճակում պառկած հատակին: Նախկին զինծառայողը, ենթադրաբար, անձնասպան է եղել:
Ոստիկանները նրա մարմնի մոտ հայտնաբերել են նռնակի օղակ և դիմել սակրավորների օգնության:
«Մենք պարզել ենք, որ մինչև 2021 թվականը նա ծառայել է Վրաստանի բանակում, մասնակցել է Աֆղանստանում խաղաղապահ առաքելությանը»,- հայտնել է Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին:
Նախկին զինծառայողը բանակում պարգևներ է ստացել: Հանցագործության դրդապատճառները դեռ հայտնի չեն: