Նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավորը համարվող մեծահարուստ գործարար Եվգենի Պրիգոժինի ստեղծած «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպությունն Ուկրաինայի պատերազմին մասնակցելու համար գումարը ստանում է Կենտրոնաֆրիկյան հանրապետությունում արդյունահանած ոսկու և օգտակար այլ հանածոների վաճառքի միջոցով: Այդ մասին հայտնել է Politico պարբերականը:
Լրագրողները վկայակոչում են արևմտյան պաշտոնյաներից դիվանագիտական խողովակով ստացված հեռագիրը, որը կազմվել է Միացյալ Նահանգներում:
Ըստ այդ փաստաթղթի, «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպությունն էապես ընդարձակել է ներկայությունը Կենտրոնաֆրիկյան հանրապետությունում և այնտեղ հսկողության տակ է վերցրել օգտակար հանածոների արդյունահանումը:
2022 թվականին Կենտրոնաֆրիկյան հանրապետությունում «Վագների» եկամուտը գերազանցել է մեկ միլիարդ ԱՄՆ դոլարը:
Հեռագիրը Politico-ին տրամադրած պաշտոնյայի համոզմամբ, այդ գումարն, ամենայն հավանականությամբ, կծախսվի զենք գնելու և նոր վարձկաններ հավաքագրելու համար:
Միացյալ Նահանգները բազմիցս է նախազգուշացրել, որ հետզհետե ավելի ակտիվ գործող «Վագները» Կենտրոնաֆրիկյան հանրապետությունում վաստակած ֆինանսական միջոցներով աջակցում է պատժամիջոցների տակ հայտնված Ռուսաստանի կառավարությանը: