Էմանյուել Մակրոն. «Ֆրանսիան էապես կավելացնի պաշտպանական ծախսերը»

Նախագահ Էմանյուել Մակրոնը Մոն դե Մանսանի ռազմակայանում, Լանդեր, Ֆրանսիա, 20 հունվարի, 2023թ.

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն այսօր այցելել է Լանդերի դեպարտամենտում՝ Մոն դը Մարսանի բնակավայրի մոտ գտնվող օդային ռազմակայան և ուղերձով դիմել է ֆրանսիացի զինծառայողներին:

Նա ասել է, որ Ֆրանսիան պետք է մինչև տարեվերջ էապես ավելացնի պաշտպանական ծախսերը և արդիականացնի միջուկային ուժերն, ինչը թույլ կտա դիմագրավել Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից հետո աշխարհում ի հայտ եկած սպառնալիքները:

Մակրոնն առաջարկում է 2024-2030 թվականների ընթացքում 413 միլիարդ եվրո տրամադրել պաշտպանությանը: Դա, նրա համոզմամբ, կերաշխավորի աշխարհի ազատ, անվտանգ և բարգավաճ զարգացումը:

Ֆրանսիայի 2019-2025 թվականների ռազմական բյուջեն ենթադրել է 295 միլիարդ եվրոյի ծախսեր:

Մակրոնն իր ելույթում նաև խոսել է հիբրիդային պատերազմի վտանգի, կենսական նշանակության ենթակառուցվածքների վրա կիբերհարձակումների և ահաբեկչության սպառնալիքների մասին:

Ֆրանսիայի ղեկավարն ասել է, որ երկիրը պետք է հզորացնի միջուկային զսպման ուժերը: Նրա խոսքով, միջուկային զենքի առկայությունը Ֆրանսիային առանձնահատուկ կարգավիճակ է տալիս Եվրոպական միությունում:

«Ֆրանսիան ունի և ապագայում էլ կունենա բանակներ, որոնք պատրաստ կլինեն դարի բոլոր մարտահրավերներին», - հավաստիացրել է Էմանյուել Մակրոննը: