Ադրբեջանական կողմը մասամբ բացել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը, սակայն թույլ ճնշման պատճառով գազամատակարարումը կվերականգնվի որոշակի սահմանափակումներով, հայտնում է Արցախի օպերատիվ շտաբը։
«Կենսական նշանակության ենթակառուցվածքների անխափան գործունեությունը և բնակչության նվազագույն կարիքները ապահովելու նպատակով սահմանափակ ծավալով մատակարավող գազը հասանելի կլինի Ստեփանակերտ քաղաքի բնակելի տների, շրջանային գազալցակայանների, ինչպես նաև ռազմավարական նշանակության որոշ օբյեկտների համար», - ասված է հաղորդագրությունում:
Արցախում գազամատակարարումը դադարեցվել էր հունվարի 18-ից։ 10 օր շարունակ այնտեղ նաև էներգիայի խնայողական ռեժիմ է գործում։ Վթարված հոսանքի գիծը, Ստեփանակերտի հաղորդմամբ, ադրբեջանական կողմը չի թողնում վերանորոգել։ Արցախցիների հոսանքը օրվա ընթացքում պարբերաբար անջատվում է։