«Վերջին ժամանակներում մենք տեսել ենք հետընթաց, երբ խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին: Մենք ցանկանում ենք, որ կառուցողական երկխոսությունը վերականգնվի: Մենք պատրաստ ենք երկկողմ համագործակցության։ Մենք պատրաստ ենք համագործակցել գործընկերների հետ, ԵԱՀԿ-ի միջոցով, եթե դա տեղին կլինի և երբ տեղին լինի, եռակողմ ձևաչափով, ինչպես դա արել ենք անցյալում»,- երեկ ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը՝ պատասխանելով Ադրբեջանի հետ երկկողմ բանակցությունները վերսկսելու քայլերը քննարկելու մասին Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցին վերաբերող հարցին:
Փրայսը հավելել է, որ ԱՄՆ-ը պատրաստվում է անել այն, ինչ ամենաարդյունավետն է:
Հարցին, թե ո՞վ է լինելու ԱՄՆ բանակցողը, եթե դա արդեն դեսպան Ռիքերը չէ, Փրայսը պատասխանել է. - « Իհարկե, դեսպան Ռիքերը 30-ամյա փայլուն կարիերայից հետո միայն անցյալ շաբաթ թոշակի անցավ Պետքարտուղարությունից: Բայց այս գերատեսչությունում կան մի շարք անհատներ, ովքեր խորապես ներդրված են այս գործընթացում, այդ թվում՝ հենց ինքը՝ քարտուղար Բլինքենը: Սա նրա անձնական առաջնահերթությունն է։ Բայց այնպիսի մարդիկ, ինչպիսիք են Թորիա Նուլանդը, Կարեն Դոնֆրիդը, մեր Եվրոպայի և Եվրասիայի գործերի բյուրոյի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, առաջիկայում ևս խորապես ներգրավված կլինեն»:
Ճշտող հարցին, թե Հայաստանի և Ադրբեջանի կողմից ո՞ւմ են տեսնում բանակցությունների մասնակից՝ նախագահների՞ն, թե՞ նախարարներին, Փրայսն ասել է, որ դա կողմերի որոշելիքն է:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռիքերը հեռանում է Կովկասյան բանակցությունների գծով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդականի պաշտոնից