Արարատ Միրզոյանն ու Միացյալ Թագավորության պետնախարարը քննարկել են Արցախում ստեղծված ծանր վիճակը

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթին հեռախոսով քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ծանր վիճակը:

Արարատ Միրզոյանն ընդգծել է միջազգային գործընկերների հստակ հայտարարությունների և գործուն քայլերի կարևորությունը` Լեռնային Ղարաբաղի ապօրինի շրջափակումը դադարեցնելու և արցախահայության էթնիկ զտումը կանխելու նպատակով: Այս առումով կարևորվել է նախորդ օրը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին ՄԹ մշտական ներկայացուցչի հնչեցրած դիրքորոշումը, հայտնում են ԱԳՆ-ից:

Քննարկվել է նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կագավորման գործընթացը: ԱԳ նախարարը նշել է, որ, հերթական անգամ ցուցաբերելով իր կառուցողական մոտեցումը, հայկական կողմը Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկները և այժմ սպասում է արձագանքի:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գազի խափանման պատճառով Արցախում հոսանքի անջատումները կարող են 4 ժամից ավելի տևել