Ռուսաստանը մինչև հիմա պատրաստ է ՀԱՊԿ-ի առաքելություն ուղարկել Հայաստան-Ադրբեջան սահման․ Լավրով

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հունվարի 18-ին կայացած տարեկան ասուլիսում նշել է, որ Ռուսաստանը մինչև հիմա պատրաստ է ՀԱՊԿ-ի առաքելություն ուղարկել Հայաստան-Ադրբեջան սահման, իսկ Եվրամիության առաքելությունը նա ապակառուցողական է գնահատել։

«Չնայած մենք դաշնակիցներ ենք, չնայած այդ առաքելությունը (ՀԱՊԿ-ի) ամբողջովին պատրաստ է, հայկական կողմը գերադասում է Եվրամիության հետ պայմանավորվել, որ այնտեղ երկարաժամկետ հիմքով քաղաքացիական դիտորդների առաքելությունը տեղակայվի։ Դա, իհարկե, Հայաստանի իրավունքն է»,- ասել է Լավրովը, հավելելով, թե բայց չպետք է մոռանալ, որ խոսքը Ադրբեջանի հետ սահմանի մասին է, և եթե այդ առաքելությունը տեղակայվի առանց Ադրբեջանի համաձայնության, ապա կարող է պարզապես ապակառուցողական լինել։

«Սահմաններին վստահություն ամրապնդելու փոխարեն, այն կարող է լրացուցիչ գրգռիչներ ստեղծել»,- զգուշացել է նա։

Ամեն դեպքում Լավրովը խոստովանել է, որ ՀԱՊԿ-ի շրջանակում բարդություննենր կան Հայաստանի ներկայիս իրավիճակի հետ կապված։

«Երբ մեր հայ ընկերները բարձրացրեցին Ադրբեջանի հետ սահմանին ՀԱՊԿ-ի առաքելություն ուղարկելու անհրաժեշտությունը, որպեսզի այնտեղ ինչ-որ կայունություն ապահովվի, մենք Երևանի գագաթնաժողովում համաձայնեցրեցինք նման փաստաթուղթ այդ առաքելության պարամետրերի մասին։ Բայց այն ընդունել չհաջողվեց, որովհետև հայաստանցի գործընկերները պնդեցին, որ այդ փաստաթղթում Ադրեջանը խիստ մեղադրվի»,-ասել է ՌԴ արտգործնախարարը։

44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը երկու անգամ ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք և ամրապնդվել նոր դիրքերում։ Բախումների ընթացում հարյուրավոր զինվորներ են զոհվել, բայց Մոսկվան ոչ միայն չի դատապարտել Ադրբեջանի ագրեսիան, այլև անգամ չի ընդունում Ադրբեջանի զինուժի կողմից Հայաստանի սահմանը խախտելու փաստը։