Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը այսօր ակնարկել է խորհրդարանական ընտրությունները մայիսի 14-ին անցկացնելու մասին, չնայած այն նախատեսված է հունիսի 18-ին։
Իշխող կուսակցության անդամների հետ հանդիպմանը Էրդողանը հիշեցրել է, որ Թուրքիայում առաջին ազատ ընտրությունները տեղի են ունեցել 1950 թվականի մայիսի 14-ին։
Այն ժամանակ հաղթել էր վարչապետ Ադնան Մենդերեսը, բայց 1960 թվականին ռազմական հեղաշրջումը տապալեց նրա իշխանությունը, իսկ մեկ տարի անց նա մահապատժի ենթարկվեց։
Էրդողանը իր իշխանության՝ վարչապետության և նախագահության տարիներին իրեն հաճախ է համեմատել Մենդերեսի հետ։
Այսօրվա իր ելույթում Էրդողանն ասել է․ «Հանգուցյալ Մենդերեսը 1950 թվականի մայիսի 14-ին ասել է՝ բավական է, ժողովուրդը պետք է ասի իր խոսքը և հաղթեց ընտրություններում։ Մեր ժողովուրդը իր պատասխանը կտա (ընդդիմությանը) նույն օրը, 73 տարի անց»։
Էրդողանի այս խոսքերից «Հյուրիեթ Դեյլի Նյուսը» եզրակացնում է, որ նա մտադիր է ընտրություններն անցկացնել մայիսի 14-ին։