Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը հաստատեց՝ Գորիի շրջանում Մեջվրիսխևի գյուղում բաժանարար գծի մոտ, մի քանի օր առաջ միջադեպ է տեղի ունեցել, որի արդյունքում դիտորդները լքել են տարածքը, տուժածներ չկան։
Ավելի վաղ Վրաստանի լրատվամիջոցները, վկայակոչելով իրենց աղբյուրները, հայտնել էին, որ հունվարի 13-ին եվրոպացի դիտորդների Գորիի շրջանի Մեջվրիսխևի այցի ժամանակ ռուսաստանցի զինվորականները օդ են կրակել։ Ռուսական կողմը չի մեկնաբանել տեղի ունեցածը։
2008 թվականից Եվրամիությունը Վրաստանում տեղակայել է անզեն քաղաքացիական դիտորդական առաքելություն, որի մանդատն ընդգրկում է Վրաստանի ողջ տարածքը՝ երկրի միջազգայնորեն ճանաչված սահմաններով։ Ռուսաստանի իշխանությունները, ինչպես նաև Աբխազիայի և Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետությունները շարունակում են մերժել դիտորդների մուտքը իրենց վերահսկողության տակ գտնվող տարածք։