ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բուջար Օսմանին այսօր կայցելի Ուկրաինա և կհանդիպի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Սա նրա առաջին պաշտոնական այցն է որպես ԵԱՀԿ գործող նախագահ։
Նախարար Օսմանիի հանդիպումների ընթացքում կքննարկվեն հումանիտար և անվտանգության մարտահրավերները, որոնց բախվում է երկիրը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի շարունակվող պատերազմի պատճառով։ Քննարկումները կներառեն նաև Ուկրաինայի ժողովրդի, ինստիտուտների և քաղաքացիական հասարակության ամենահրատապ կարիքները, ինչպես նաև ԵԱՀԿ-ի դերը երկրի կայունությունն ուժեղացնելու և առաջացող բազմաթիվ մարտահրավերներին դիմակայելու գործում:
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի նաև Կիևի մարզ՝ դիտարկելու պատերազմի ազդեցությունը խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա և տեղեկանալու այդ տարածքում անհրաժեշտ միջազգային օգնության ծավալին: