Թուրքիան պատրաստ չէ վավերացնել Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը։
«Մենք այն իրավիճակում չենք, որ օրենքը (Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին-խմբ.) ուղարկենք խորհրդարան՝ վավերացման», - ասել է նա:
«Արդեն վեց-յոթ ամիս է, ինչ ներգրավված ենք այս գործընթացում, և Շվեդիային այս լույսի ներքո ներկայանալն օգտակար չէ, մենք ուզում ենք առաջ շարժվել և առաջընթաց ունենալ, բայց եթե նման միջադեպերը շարունակվեն, դա կդանդաղեցնի գործընթացը», - հավելել է նա։
Շվեդիայի քրդական համայնքի ներկայացուցիչները օրերս ի նշան բողոքի՝ Թուրքիայի նախագահին պատկերող խրտվիլակը գլխիվայր կախել էին Ստոկհոլմի քաղաքապետարանին հարող հրապարակի վրա գտնվող սյուներից մեկին։
Այս միջադեպի պատճառով Շվեդիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ։