Ուկրաինայի վրա ռազմական հարձակման տարում՝ 2022 թվականին, Ռուսաստանում գրանցվել է սպառողական գների աննախադեպ աճ:
Ըստ դաշնային պետական վիճակագրության ծառայության՝ «Ռոսստատի», աճը կազմել է 11.9 տոկոս, ինչն ամենաբարձր ցուցանիշն է 2015 թվականից հետո:
Առավել բարձր աճ է արձանագրվել գարնանը՝ անմիջապես Ուկրաինայի վրա հարձակումից և դրա կապակցությամբ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների սահմանումից հետո: Այդ ժամանակաշրջանում գնաճը հասել է 17.8 տոկոսի:
Սննդամթերքի գնաճը 2022 թվականին կազմել է 10.3 տոկոս: Առավել շատ՝ 15.2 տոկոսով, բարձրացել են կաթի և կաթնամթերքի գները: Կարագի, մակարոնեղենի և ձկան գինը բարձրացել է ավելի քան 14 տոկոսով, շաքարի գինը՝ 13.5 և հացի գինը՝ գրեթե 13 տոկոսով:
Ոչ պարենային ապրանքների գնաճը 12.7 տոկոս է կազմել: Կտրուկ աճել են լվացող և մաքրող միջոցների գները՝ գրեթե 30 տոկոսով: Կենցաղային տեխնիկայի գնաճը 15.3 տոկոս է կազմել, իսկ դեղամիջոցներինը՝ 10.8 տոկոս:
Կոմունալ ծառայությունների ծախսերը բարձրացել են 11.6 տոկոսով: 2022 թվականին Ռուսաստանի կառավարությունը երկու անգամ բարձրացրել է սակագները՝ հուլիսին 6.5 և դեկտեմբերին 9 տոկոսով:
Այն բանից հետո, երբ ի պատասխան Ուկրաինայի վրա հարձակման արտասահմանյան ավիաընկերությունները չեղարկել են չվերթները Ռուսաստանի ուղղությամբ, և Եվրոպան սահմանափակել է մուտքի արտոնագրերի տրամադրումը ռուսաստանցիներին, արտասահմանյան զբոսաշրջության ծառայության գնաճը հասել է գրեթե 71 տոկոսի:
Ռուսաստանի կենտրոնական բանկը կանխատեսում է, որ 2023-ին սղաճը կհասնի 5-7 տոկոսի, մինչդեռ, տնտեսական զարգացման նախարարության կանխատեսմամբ այն կկազմի 5.5 տոկոս: