Հասանովը բանակին հրամայել է «բարձր պահել մարտական պատրաստությունը և կանխել ցանկացած սադրանք»

Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը, արխիվ, Բաքու:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում նախարար Զաքիր Հասանովի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են զորքերի հրամանատարները, գլխավոր վարչությունների և ծառայությունների ղեկավարները:

Տեսակապով խորհրդակցությանը մասնակցել են նաև ստորաբաժանումների ու միավորների հրամանատարները:

Ըստ «Ինտերֆաքս-Ազերբայջան» լրատվական գործակալության, խորհրդակցության ընթացքում քննարկվել է «հայ-ադրբեջանական պայմանական սահմանին և Ադրբեջանում՝ ռուսաստանցի խաղաղապահների ժամանակավոր տեղակայման տարածքում ստեղծված իրավիճակը»:

Օրակարգում է եղել նաև Ադրբեջանի զինված ուժերի համար անհրաժեշտ կադրեր պատրաստելու նպատակով կրթության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու հարցը:

Պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Հասանովը բանակին կարգադրել է «բարձր պահել մարտական պատրաստությունը և կանխել ցանկացած սադրանք»: