Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը այսօր խստորեն քննադատել է երկրի քրդական համայնքի ներկայացուցիչների կողմից նախօրեին կազմակերպված բողոքի գործողությունը, որի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանին պատկերող խրտվիլակը գլխիվայր կախվել էր Ստոկհոլմի քաղաքապետարանին հարող հրապարակի վրա գտնվող սյուներից մեկին։
«Ժողովրդավարական ճանապարհով ընտրված օտարերկրյա քաղաքական գործչի մահապատժի իմիտացիան ծայրահեղ լուրջ քայլ է մի երկրում, որտեղ երկու բարձրաստիճան պաշտոնյաներ սպանության զոհ են դարձել», - հայտարարել է Շվեդիայի վարչապետը՝ հիշատակելով երկրի վարչապետ Ուլոֆ Պալմեյի՝ 1986-ին և արտգործնախարար Աննա Լինդի՝ 2003-ին տեղի ունեցած սպանությունները։
«Այս ակցիան Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ի անդամակցության գործընթացը սաբոտաժի ենթարկելուն ուղղված քայլ էր։ Այն սպառնում է Շվեդիայի անվտանգությանը», -հայտարարում էր Քրիստերսոնը։