Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը քննադատել է Charlie Hebdo ֆրանսիական հանդեսը

Հայ Առաքելական եկեղեցու Ատրպատականի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Գրիգոր Չիֆթչյանը քննադատել է Charlie Hebdo ֆրանսիական հանդեսի կողմից Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի ծաղրանկարները հրապարակելու համար։

«Charlie Hebdo-ի այդ քայլը անպատեհ էր և ոչ պրոֆեսիոնալ։ Այն վիրավորական էր ոչ միայն իրանցի ժողովրդի, այլև բոլոր կրոնների իրական հետևորդների համար», - նշել է հայ հոգևորականը։

Փարիզում լույս տեսնող Charlie Hebdo հանդեսը հունվարի սկզբին Իրանի հոգևոր առաջնորդին պատկերող մի շարք ծաղրանկարներ էր հրապարակել՝ հայտարարելով, որ դրանով իր աջակցությունն է հայտնում այդ երկրում ծավալված բողոքի գործողությունների մասնակիցներին։ Charlie Hebdo-ն նաև Խամենեիին ծաղրող նկարների միջազգային մրցույթ էր հայտարարել՝ «Մոլլաներ հեռացեք» կարգախոսի ներքո։