ՔՊ-ում դեռ չեն որոշել՝ 22 պատգամավորների լիազորությունները դադարեցնելու համար կդիմեն ՍԴ, թե՝ ոչ

Ազգային ժողովի նիստ, արխիվ

Իշխող «Քաղաքացիական պայմանագրում» դեռ չեն որոշել՝ «Հայաստան» խմբակցության 29 պատգամավորներից 22-ի լիազորությունները դադարեցնելու համար կդիմե՞ն Սահմանադրական դատարան (ՍԴ), թե՝ ոչ։ Այդ հարցն այսօր Ազգային ժողովի խորհրդի նիստում է քննարկվելու։

«Խմբակցության հետ կքննարկենք, կարող է ինչ-որ կոնկրետ պատգամավորների վերաբերյալ լինի տենց որոշում, կարող է ընդհանրապես չլինի՝ հաշվի առնելով, որ իրենք վերադարձել են և շարունակում են չակերտավոր աշխատել», - ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

Եթե մի կիսամյակի ընթացքում պատգամավորը քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայել է, Ազգային ժողովի խորհրդի նիստ է հրավիրվում։ Սա պարտադիր է, իսկ ահա դրանից հետո բարձր դատարան դիմել-չդիմելը խորհրդի որոշելիքն է։

Իշխանական մեկ այլ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը կարծում է՝ իրենց որոշման վրա էական ազդեցություն կունենա այն հանգամանքը, որ ընդդիմադիրները անցած տարեվերջից վերադարձել են խորհրդարան։

«Ավելին՝ նրանց մի մասն ակտիվ նաև աշխատում է միջազգային պատվիրակություններում, այսինքն, կարելի է ասել որպես Ազգային ժողովի պատգամավոր, որպես խմբակցություն իրենց գործառույթներն, իմ պատկերացմամբ, այս պահին իրենք իրագործում են: Եվ, այո, նաև հաշվի առնելով այն իրավիճակը, այն մարտահրավերները, որ այս պահին ունենք և՛ մենք, և՛ Արցախում կան, ես կարծում եմ, այս հարցի քննարկման ժամանակ այս ասպեկտները էական ազդեցություն կունենան մեր որոշման վրա», - ընդգծեց Գաբրիելյանը:

Թե ինչ որոշում կընդունեն իշխանական պատգամավորները, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասում է՝ իրենց համար մեկ է: Ընդդիմադիր պատգամավորները որոշել են նիստին չմասնակցել։ Պնդում են՝ իշխող ուժը սխալ է մեկնաբանում Սահմանադրությունը, օրենքները, ու մանդատից զրկելու հարցը փորձում է քաղաքական հետապնդման համար օգտագործել։

«Սահմանադրությունը, Ազգային ժողովի կանոնակարգ օրենքը և պատգամավորների գործունեության երաշխիքների մասին օրենքը որոշակի համադրմամբ, վերլուծությամբ կարող ենք փաստել, որ այս պահի դրությամբ, մեր գնահատմամբ, այն մեկնաբանությունը, որ տրվում է, օրինակ, միայն լիագումար նիստերում քվեարկությունների բացակայությունը հիմք ընդունելով, հակասում է թե՛ Սահմանադրությանը, թե՛ իրավունքի հիմնարար սկզբունքներին», - նշեց Մինասյանը:

Ազգային ժողովի խորհրդում քննարկելու է «Հայաստան» խմբակցությունից Իշխան Սաղաթելյանի, Աննա Գրիգորյանի, Արմեն Ռուստամյանի, Սեյրան Օհանյանի, Արծվիկ Մինասյանի, Գեղամ Մանուկյանի, Աղվան Վարդանյանի, Ագնեսա Խամոյանի, Արմեն Չարչյանի և այլոց մանդատից զրկելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու հարցը։

«Այն քվեարկությունները, որոնք հիմա ներկայացվում են որպես «Հայաստան» խմբակցության 22 պատգամավորների՝ իբր թե անհարգելի բացակայություն համարելու դեպքում, բացարձակապես չի համապատասխանում նաև մեկ այլ նորմի, որտեղ ասվում է, որ քաղաքական բոյկոտը քաղաքական գործունեության դրսևորման ձև է, և այն չի կարող պատճառ հանդիսանալ անձի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու առումով», - ասաց Արծվիկ Մինասյանը:

Ընդդիմադիրները՝ «Հայաստան» խմբակցությունը ողջ կազմով, «Պատիվ ունեմ»-ի մեծամասնությունը անցած ամռանն էին հայտնվել մանդատները կորցնելու վտանգի առջև։ Այն ժամանակ իշխանությունը սպառնաց, բայց չսկսեց ընդդիմադիրներին մանդատներից զրկելու գործընթաց, չբացառելով, որ դա կանի աշնանային նստաշրջանին։