Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն իր գործընկերներին է ներկայացրել Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքները:
Վրացի գործընկերոջ՝ Իլյա Դարչիաշվիլիի հետ այսօրվա հանդիպմանը, ապա նաև Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնի հետ կայացած հեռախոսազրույցում Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից արդեն մեկ ամիս Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում վատթարանում է հումանիտար իրավիճակը:
ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Ադրբեջանը կոպտորեն ոտնահարում է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները և միջազգային մարդասիրական իրավունքը: Նա շեշտել է՝ Բաքուն իր գործողություններով նպատակ է հետապնդում էթնիկ զտումների ենթարկելու Լեռնային Ղարաբաղի հայությանը՝ այս համատեքստում կարևորելով միջազգային հանրության հստակ կոչերը և հասցեական քայլերը: