Ադրբեջանը Հայաստանում ժամանակին բնակված ադրբեջանցիներին հաշվառում, մարդահամար է անում՝ համարելով, որ իրենց արտաքսել են պատմական հողերից՝ «Հայաստանից»։ Ասում են ու գծում վերադարձի պլաններ։
Վարչապետ Փաշինյանը լրագրողների հետ վերջին հանդիպման ժամանակ այս ամենը նոր տարածքային նկրտումներ համարեց, շեշտեց, թե մենք էլ ենք մարդահամար անում. - «Մենք էլ ենք անում մարդահամար։ Մենք էլ Բաքվից, Սումգայիթից, Գետաշենից, Շահումյանի շրջանից և այլ տեղերից բռնագաղթած հայերի մարդահամար ենք իրականացնում»։
Ի՞նչ մարդահամարի մասին է խոսքը։ Վիճակագրական կոմիտեից տեղեկացանք, որ նախորդ տարի մեկնարկած մարդահամարի գործընթացը երկրում ավարտվել է, այժմ ամփոփման աշխատանքն են կատարում։ Բայց դա Ադրբեջանից բռնագաղթածների հետ ոչ մի կապ չունի։
«Վիճակագրական կոմիտեն կոնկրետ բռնագաղթվածների մասով մարդահամար չի իրականացնում։ Սակայն մեր 2022 թվականի հոկտեմբերին իրականացված մարդահամարի հարցաշարում կան հարցեր, որոնք վերաբերվում են իրենց բնակավայրը փոխած անձանց որտեղից գալու և իրենց տեղափոխությունը իրականացնելու պատճառի վերաբերյալ տեղեկատվություն», - փոխանցեց Վիճակագրական կոմիտեի մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կոյումջյանը։
Նա շեշտեց, որ մարդահամարի հարցաթերթիկում ներառված չէ հարցը, թե որ բնակավայրից է մարդը տեղահանվել։ Միգրացիոն ծառայությունից ասացին, որ Ադրբեջանից տեղահանվածների վերահաշվառում են անում բնակապահովման ծրագրի համար, այսքանը։
Ի՞նչ մարդահամարի մասին է խոսում վարչապետը, ո՞ր գերատեսչությունն է զբաղվում դրանով։ Կառավարության լրատվականից ասացին ընդամենը, թե գործընթացն իսկապես կա, այլ մանրամասներ նպատակահարմար չեն համարում հրապարակել։
«Չասելով, ուղղակի անունը չտալով Հադրութի ու Շահումյանի շրջանի, կարծում եմ, որ այս իշխանությունը շարունակում է իր քաղաքականությունը։ Այն է՝ հանձնել տարածք առ տարածք Ադրբեջանին», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության ղեկավար Լարիսա Ալավերդյանը։
Հայաստանի առաջին օմբուդսմեն Ալավերդյանը տարակուսած է՝ ինչո՞ւ վարչապետը վերջին պատերազմի ժամաանկ տեղահանվածների մասին չի խոսում։ Այդ մարդկանց վերադարձի խնդիրը, նրա համոզմամբ, պետք է քաղաքական օրակարգի մաս դառնա։ Փոխարենը, ըստ Ալավերդյանի, Ադրբեջանն է նախանձելի հետևողականությամբ շատ արագ գործողության վերածում այն, ինչ ասում է։
Ալավերդյանն ինքը Բաքվից է տեղափոխվել 1965 թվականին։ Ավելի ուշ զբաղվել է Ադրբեջանից բռնագաղթած հայերի խնդիրներով. - «Ես խոսում եմ այն ցուցակների մասին, որոնց հետ ես եմ աշխատել։ Ու այդտեղ, այո, գրեթե կես միլիոն՝ 480 հազար և փոքր ինչ ավել»։
Պաշտոնական տվյալով, 1988 թվականից հետո կես միլիոն հայ է դուրս եկել Ադրբեջանից։ Նրանցից 240 հազարը մայրաքաղաք Բաքվում էին ապրում։ Հայաստանից հեռացել է 164 հազար ադրբեջանցի, 6 հազարը՝ Երևանից։
Ըստ Ալավերդյանի, հավասարության նշան ոչ միայն թվերի մեջ չկա, այլև այն պայմանների, որում հայտնվել էին ադրբեջանցիներն այստեղ. - «Ոչ մեկը իրենց չի սպառնացել։ Հակառակը, Հայաստանի Հանրապետության կենտկոմի, Հայկոոպի, նախարարությունների ներկայացուցիչները գնում էին և ասում էին՝ ինչի՞ եք դուրս գալիս»։
Ադրբեջանական ջարդերից բացի, ասում է Ալավերդյանը, շատ հայեր ծեծված ու բռնության ենթարկված էին տեղ հասել ու մահացել այստեղ։
Եթե այնուամենայնիվ կառավարությունն այժմ փախստականների, տեղահանվածների հաշվարկ է սկսել, Լարիսա Ալավերդյանը շատ կարևոր է համարում, որ ներկայացվի ոչ թե թիվը, թե այժմ քանիսն են Հայաստանում, այլ թե քանի հոգի է տեղահանվել Ադրբեջանից, Արցախից։ Օրինակ, Ադրբեջանից տեղահանված կես միլիոն հայերից 90-ականներին 360 հազարը մնացին Հայաստանում, իսկ վերջին մարդահամաարի՝ այսինքն 2011 թվականի տվյալով, Հայաստանում ընդամենը 64 հազար փախստական կա Ադրբեջանից։