«Ազատություն» - «Ազատ Եվրոպա» ռադիոկայանը գրասենյակներ է բացել Ռիգայում և Վիլնյուսում

«Ազատություն» - «Ազատ Եվրոպա» ռադիոկայանի նախագահ Ջեյմի Ֆլայը, Վիլնյուս:

«Ազատություն» - «Ազատ Եվրոպա» ռադիոկայանը գրասենյակներ է բացել Ռիգայում և Վիլնյուսում: Լատվիայի մայրաքաղաքում գրասենյակի պաշտոնական բացումը տեղի է ունեցել հունվարի 12-ին:

Ռիգայում այդ գրասենյակում կաշխատեն «Ազատության» մեդիաընկերության մի քանի ռուսալեզու ստորաբաժանումների՝ «Ազատության» ռուսական ծառայության, «Նաստոյաշչեե վրեմյա» հեռուստակայանի և նորաստեղծ «Սիստեմա» լրատվական կենտրոնի լրագրողները:

«Ազատության» ռուսական ծառայության մոսկովյան գրասենյակը փակվել է 2022 թվականի մարտին այն բանից հետո, երբ Ռուսաստանում իշխանությունները բացահայտ քաղաքական գրաքննություն են սահմանել:

«Ազատություն» - «Ազատ Եվրոպա» ռադիոկայանի նախագահ Ջեյմի Ֆլայը Ռիգայում շնորհակալություն է հայտնել Լատվիայի իշխանություններին:

«Լրագրողները կշարունակեն ազնվորեն իրենց աշխատանքը կատարել Ռուսաստանում և Ռուսաստանի սահմաններից դուրս ռուսալեզու լսարանին տեղեկատվություն հասցնելու համար»,- ասել է Ֆլայը:

Ավելի վաղ «Ազատություն» - «Ազատ Եվրոպա» ռադիոկայանը գրասենյակ է բացել նաև Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում:

Այդ գրասենյայում աշխատող լրագրողները բելառուսերենով և ռուսերենով հաղորդումներ են պատրաստելու Բելառուսի լսարանի համար: