Նուրսուլթան Նազարբաևին զրկել են «պատվավոր սենատոր» կոչումից

Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, արխիվ

Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին զրկել են «պատվավոր սենատորի» կոչումից, հայտնել է Ղազախստանի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի խոսնակ Մաուլեն Աշիմբաևը:

«Կա Սահմանադրական դատարանի որոշումը, չեղարկվում է «Ելբասիի՝ առաջին նախագահի մասին» օրենքը, որով առաջին նախագահը նաև պատվավոր սենատոր էր: Քանի որ այդ օրենքն այլևս չկա, ընդունվել է նաև այդ կարգավիճակը չեղարկելու որոշում: Այդ բոլոր վճիռները կայացվել են համազգային հանրաքվեի արդյունքներով», - պարզաբանել է խոսնակը:

Սենատը Նազարբաևին «պատվավոր սենատոր» է հռչակել 2019 թվականին: Ենթադրվում է, որ հունվարի 13-ին խորհրդարանի վերին և ստորին պալատների՝ Սենատի և Մաժալիսի համատեղ նիստում պետք է ի պաշտոնե հայտարարվի, որ «Ղազախստանի առաջին նախագահի՝ Ելբասիի մասին» օրենքն ուժը կորցրել է: