«Արևմտյան Ադրբեջանի համայնք» անվամբ կազմակերպությունը տարածել է հայտարարություն, որով դատապարտել է «այսօր Հայաստանի տարածք համարվող պատմական հայրենիքից ադրբեջանցիների վտարումը»:
Կազմակերպությունը հայտարարել է, թե «արդիական Հայաստանից ադրբեջանցիների արտաքսումը քաղաքական, իրավական և մարդասիրական աննախադեպ անարդարություն է» և պնդում, որ «ադրբեջանցիների առավել դաժան վտարումը տեղի է ունեցել 1905-1906, 1918-1921, 1948-1953 և 1988-1991 թվականներին»:
«Արևմտյան Ադրբեջանի համայնքը» նշում է, որ «Հայաստանի ԽՍՀ-ի և Հայաստանի Հանրապետության տարածքից ադրբեջանցիների զանգվածային վտարման արդյունքում Հայաստանի տարածքում այսօր բացառապես հայեր են ապրում»:
Կազմակերպությունը պնդում է, որ ներկայիս Հայաստանի տարածքում ամենուր ոչնչացվել է ադրբեջանցիների պատմական և մշակութային ժառանգությունը և «այդ գործողությունները կատարած անձինք այսօր փառաբանվում են Հայաստանում»:
Ապա հայտարարությունում ասվում է, որ 2020 թվականին Ադրբեջանը հաղթանակով է ավարտել հայկական օկուպացիայի դեմ պատերազմը և դա «կարևոր քայլ է դարձել երկու երկրների միջև խաղաղություն հաստատելու ուղղությամբ»:
Կազմակերպությունը հայտարարում է, որ պայքարելու է Հայաստանից վտարված ադրբեջանցիների իրավունքների վերականգնման համար:
«Հիմնվելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով ամրագրված վերադարձի իրավունքի, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային համաձայնագրի, Փախստականների կարգավիճակի կոնվենցիայի և միջազգային այլ համաձայնությունների վրա, «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» գործելու է ներկայիս Հայաստանից վտարված ադրբեջանցիների անձնական և հավաքական իրավունքները վերականգնելու համար, ներառյալ ապահով վերադարձն իրենց տներ», - ասվում է հայտարարությունում:
Կազմակերպությունը Հայաստանից պահանջում է «ստեղծել վտարված ադրբեջանցիների արժանապատիվ և անվտանգ վերադարձի պայմաններ»:
«Արևմտյան Ադրբեջանի համայնքը» խնդրում է ՄԱԿ-ի անդամ երկրներին և պատկան միջազգային կազմակերպություններին «նպաստել Հայաստանից վտարված ադրբեջանցիների ապահով և արժանապատիվ վերադարձին»:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր վերջին ելույթներում մի քանի անգամ արծարծել է «Արևմտյան Ադրբեջանի» հարցը և պնդել, որ Ադրբեջանն այն պետք է լուծի:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիև․ ադրբեջանցիները պետք է վերադառնան պատմական հայրենիք, որն այսօր Հայաստանի տարածքում է