Պետք է խուսափել իրադրությունը էլ ավելի փակուղային դարձնող հայտարարություններից, այսօր կառավարության նիստի ընթացքում անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով ստեղծված իրավիճակին՝ հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք պետք է որոշակի պատկերացում ունենանք, թե ինչպես պետք է հանգուցալուծվի այս իրավիճակը: Այս հարցում էլ իմ ընկալմամբ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և իշխանության արձագանքը պետք է լինի ասիմետրիկ: Ի՞նչ է սա նշանակում, առաջին հերթին՝ վերջին տարիների զարգացումների, դրանց խորքային իմաստների և պատճառների հետ պետք է առերեսվել այն կտրվածքով, որ իրադարձությունների, իրադրությունների մեր գնահատականները պետք է լինեն փաստահենք: Այս առումով պետք է խուսափել իրադրությունը էլ ավելի փակուղային դարձնող քաղաքական հայտարարություններից, որովհետև վերջնակետին հասնելու հստակ պատկերացումներով չզուգորդված հայտարարությունները որևէ օգուտ չեն տալիս», - հայտարարեց վարչապետը:
Ընդգծելով որ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև պետք է սկսվի քաղաքական խոսակցություն՝ Հայաստանի կառավարության ղեկավարը նշեց. - «Լեռնային Ղարաբաղի մեր գործընկերները պետք է հնարավորություն չտան, որ որևէ մեկն իրենց մեղադրի կառուցողական խոսակցությունը խափանելու մեջ կամ նման խոսակցությունը անհնար դարձնելու մեջ»:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ Լաչինի միջանցքի փակումը սադրանք է, որի վերջնական նպատակը նոր ռազմական էսկալացիան է՝ շարունակելով. - «Չպետք է իրականացնել քայլեր, որ ցանկալի են ռազմական էսկալացիայի սցենարը մշակողների համար»:
«Այս սադրանքի և էսկալացիայի նպատակներից մեկը Բաքվի և Ստեփանակերտի միջև քաղաքական և պաշտոնական խոսակցության ակնհայտ անհրաժեշտությունը քողարկելն է ու օրակարգից դուրս մղելը: Չպետք է արվեն գործողություններ, որոնք նպաստում են այս սադրիչ խնդրի լուծմանը», - ասաց վարչապետը:
Արցախի Անվտանգության խորհուրդը երեկ հայտարարել էր, որ Հայաստանի վարչապետի՝ ասուլիսի ընթացքում արած հայտարարությունները չեն համապատասխանում ինչպես համազգային պայքարի գաղափարներին, այնպես էլ Արցախի բնակչության և իշխանությունների որդեգրած դիրքորոշմանը։ Ստեփանակերտը Հայաստանի իշխանություններին հորդորում է առաջնորդվել բացառապես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը միջազգային ատյաններում առաջ տանելու և պաշտպանելու դիրքորոշմամբ։
Արդեն 32 օր է՝ փակ է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Այս ընթացքում ընդամենը տասը տոննա բեռ է Հայաստանից Արցախ տեղափոխվել:Երկուշաբթի օրն էլ հայտնի դարձավ, որ վթարվել է Հայաստանից Արցախ գնացող բարձրավոլտ միակ գիծը։ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Աղավնո-Բերձոր հատվածով անցնող միակ բարձրավոլտ գծի վթարի հետևանքով Արցախում հովհարային անջատումներ են։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախի Անվտանգության խորհուրդն արձագանքել է Փաշինյանի երեկվա հայտարարություններին