Մահացել է Հունաստանի վերջին թագավոր Կոնստանտին երկրորդը

Աթենքում, 82 տարեկան հասակում մահացել է Հունաստանի վերջին թագավոր Կոնստանտին երկրորդը։

Նա թագադրվել էր 23 տարեկան հասակում և միապետ համարվել 1964-1973 թվականներին, բայց ռեալ իշխանություն է ունեցել մինչև 1967 թվականը, երբ «սև գնդապետների» ռեժիմի դեմ անհաջող պայքարից հետո ստիպված էր ընտանիքով հեռանալ երկրից։

Հունաստանում հաստատված զինվորական ռեժիմը 1973-ին վերացրել էր միապետությունը, իսկ մեկ տարի անց երկրում վերականգնվել էր ժողովրդավարությունը՝ հանրաքվեի արդյունքում քաղաքացիները քվեարկել էին հանրապետության օգտին։ Կոնստանտին երկրորդը հայտարարել էր, որ ընդունում է ժողովրդի ընտրությունը։

Երկրից հեռացած թագավորը, իշխանությունների հետ գույքային մի շարք վեճերից հետո, վերջնականապես վերադարձել էր 2013 թվականին։

Գերմանա-դանիական դինաստիայից սերող Կոնստանտին 2-րդը արքայական շատ ընտանիքների հետ ազգակցական կապեր ուներ՝ նա Իսպանիայի թագուհի Սոֆիի հարազատ եղբայրն էր, Բրիտանիայի ներկայիս թագավոր Չարլզ 2-րդի զարմիկը։

Երիտասարդ տարիներին նա զբաղվել է ծովային սպորտով, մասնակցում էր յախտաների մրցույթների։ 1960 թվականին «Դրակոն» դասի մրցույթում օլիմպիական չեմպիոն էր դարձել։ 1994 թվականից Նորվեգիայի թագավորի հետ միասին յախտաների սպորտի միջազգային ֆեդերացիայի պատվավոր համանախագահներն էին։