2022 թվականի ողջ ընթացքում Ադրբեջանն առնվազն 145 զինվորական է կորցրել, պնդում են ադրբեջանցի անկախ ռազմական փորձագետները։ Այս տվյալները տեղ են գտել Գերմանիայում գործող «Ռազմական հետազոտությունների կասպիական ինստիտուտի» կողմից հունվարի ութին հրապարակված զեկույցում։
2015 թվականի փետրվարից Բեռլինում գործող հետազոտական այս կառույցի մասնագետները նշում են, որ նախորդ տարի 2021 թվականի համեմատ կտրուկ կերպով աճել են հատկապես մարտական կորուստները, ինչն, ըստ ամենայնի, կապված է սեպտեմբերի 13-ի և 14-ի սահմանային մարտերի հետ։
«2021 թվականին Ադրբեջանի ուժային կառույցները ընդամենը 18 մարտական կորուստ էին արձանագրել: 2022 թվականին, սակայն, այս ցուցանիշը գրեթե հնգապատկվել է՝ հասնելով 87-ի», - նշում են ադրբեջանցի փորձագետները՝ մանրամասնելով. «2021-ին հայերի արձակած կրակոցներից ընդամենը 15 ադրբեջանցի զինծառայող է զոհվել, ևս 3-ը կյանքին հրաժեշտ էին տվել ականի պայթյունների հետևանքով։ 2022 թվականին արդեն հայկական կողմի կրակից 85 զինվորական է զոհվել, ևս երկուսը պայթել են ականների վրա», - պնդում են «Ռազմական հետազոտությունների կասպիական ինստիտուտի» մասնագետները։
Ռազմական փորձագետների պնդմամբ՝ 2022 թվականին զգալիորեն աճել են նաև զինծառայողների՝ պաշտոնապես որպես ինքնասպանություն ձևակերպված մահվան դեպքերը։ Եթե 2021 -ին ադրբեջանական բանակում ինքնասպանության 11 դեպք էր գրանցվել, ապա նախորդ տարի դրանց թիվը կրկնապատկվել է՝ հասնելով 22-ի:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանական բանակի զոհերի թիվն ու կորուստները թեժ քննադատությունների ալիք են բարձրացրելԸնդհանուր առմամբ, ըստ ռազմական փորձագետների, 2022 թվականին Ադրբեջանի ուժային կառույցներից ամենամեծ մարտական և ոչ մարտական կորուստները կրել է Պաշտպանության նախարարությունը՝ 105 զինծառայող։ Կորուստների քանակով երկրորդ տեղում Սահմանապահ ծառայությունն է՝ 32 զինվորական։
«2022-ին չորս զոհ է տվել Նախիջևանում տեղակայված Առանձին համազորային բանակը», - նշում են զեկույցի հեղինակները՝ ևս մեկ ուշագրավ տեղեկատվություն փոխանցելով։
«Ռազմական հետազոտությունների կասպիական ինստիտուտի» հրապարակած զեկույցի համաձայն՝ նախորդ տարի Ադրբեջանի ուժային կառույցների թվում կորուստների քանակով չորրորդ տեղում եղել է Իլհամ Ալիևի թիկնազորը։
«2022 թվականին Ադրբեջանի նախագահի Անվտանգության ծառայությունը երեք զոհ է տվել», - հավելում են ռազմական փորձագետները, ճիշտ է, չհստակեցնելով՝ նախագահական թիկնազորի անդամները մարտական, թե ոչ մարտական կորուստների թվին են դասվել։
Ադրբեջանցի անկախ փորձագետները հաշվարկել են նաև 2022 թվականի ընթացքում վիրավորում ստացած զինծառայողների թիվը։ «Ռազմական հետազոտությունների կասպիական ինստիտուտի» տվյալներով՝ անցած տարի ադրբեջանական բոլոր ուժային կառույցներում միասին վերցված 304 վիրավոր է արձանագրվել։
«Նրանց մեծ մասը վիրավորվել է հայ զինվորականների հետ փոխհրաձգությունների կամ էլ ականների պայթյունների հետևանքով», -գրված է զեկույցում։
Նշենք, ի դեպ, որ Բեռլինում գործող ադրբեջանական հետազոտական կենտրոնի զեկույցը հրապարակվեց հայկական աղբյուրների, մասնավորաբար Razm.info մասնագիտացված կայքի կողմից ադրբեջանական բանակի 2022 կորուստների ամփոփումից մի քանի օր անց։ Հայ փորձագետների հաշվարկները «Ռազմական հետազոտությունների կասպիական ինստիտուտի» հաշվարկների հետ գրեթե նույնությամբ համընկնում են։ Razm.info-ի տվյալներով՝ 2022 թվականին Ադրբեջանի ուժային կառույցներում 149 մահվան դեպք է արձանագրվել, որոնցից 81-ը՝ սեպտեմբերին Հայաստանի տարածք ներխուժման ընթացքում։
Հայաստանցի ռազմական փորձագետների հրապարակած այս տվյալներն, ի դեպ, արագորեն սկսեցին շրջանառվել սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերի էջերում, ինչը ստիպեց այդ երկրի պաշտպանության նախարարությանը անգամ հանդես գալ հատուկ հայտարարությամբ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ձերբակալություններ Ադրբեջանի ՊՆ-ում՝ առանձնակի խոշոր չափի հափշտակության համար«Հայկական կողմի տարածած տեղեկատվությունը կեղծ է, չի համապատասխանում իրականությանը և նպատակ ունի մոլորության մեջ գցել ադրբեջանական հանրությանը», - պնդում էր Ադրբեջանի ՊՆ-ն հունվարի 6-ին տարածած հայտարարության մեջ, նաև նշում. «Հայկական կողմը փորձում է մեր բանակի մարտական կորուստների թվին դասել անգամ այն քաղաքացիներին, որոնք տարբեր պատճառներով կյանքից հեռացել են զորացրվելուց հետո»։
Ադրբեջանցի փորձագետները ամփոփել են վերջին 20 տարում երկրի զինված ուժերի կրած կորուստների վիճակագրությունը ևս։ Բեռլինում գործող հետազոտական կառույցի պնդմամբ՝ 2003 թվականից ի վեր ադրբեջանական բանակը ավելի քան 4400 զոհ է տվել, որոնցից 3573-ը մարտական կորուստներ են։ Այդ կորուստների մեծ մասը՝ մոտ 3000-ը, արձանագրվել է 2020 թվականին։ Բացի այդ, ըստ փորձագետների, 2003-ից 2022 թվականներին տարբեր պատճառներով ավելի քան 13 հազար ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել։