Սահմանադրական դատարանն այսօր վարույթ ընդունեց Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության սահմանադրականության հարցով գործը։ Դատաքննության օր է նշանակվել փետրվարի 14-ը։
Կառավարությունը անցյալ տարվերջին դիմել է ՍԴ ու խնդրել պարզել, թե 1998 թվականին ստորագրված, բայց այդպես էլ չվավերացված Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը հակասություն ունի՞ Հայաստանի սահմանադրության հետ, թե՞ ոչ։
«Միջազգային պայմանագրերը, որոնք ենթակա են վավերացման Ազգային ժողովի կողմից, ենթակա են Հայաստանում պարտադիր սահմանադրական վերահսկողության։ Դա նշանակում է, որ կառավարությունը դիմում է այդ պայմանագրում ամրագրված պարտավորությունների սահմանադրականության ստուգման հարցով Սահմանադրական դատարան։ Սահմանադրական դատարանը որոշում է՝ համապատասխանո՞ւմ են արդյոք ստանձնած պարտավորությունները Սահմանադրությանը, թե՞ ոչ։ Եթե համապատասխանում են, արդեն կառավարությունը անցնում է հաջորդ քայլին», - «Ազատության» հետ զրույցում ներկայացրեց Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական Ալինա Փխրիկյանը։
Նա հավելեց, որ գործով զեկուցող է նշանակվել դատավոր Վահե Գրիգորյանը։
24 տարի առաջ Հայաստանի կողմից ստորագրված, բայց չվավերացված փաստաթղթի մասին 2004 թվականին Հայաստանի Սահմանադրական դատարանն արդեն կարծիք հայտնել էր և այս փաստաթուղթը ճանաչել հակասահմանադրական։
Կառավարությունում սակայն որոշեցին հիմա նորից դիմել բարձր դատարան, քանի որ 2004-ից հետո Հայաստանի Սահմանադրությունը երկու անգամ փոփոխվել է, և չի բացառվում, որ հիմա դատարանը խնդիր չտեսնի։
«Միջազգային ատյանը կարող է որոշել Հայաստանի դատարանների փոխարեն անձի մեղքի մասին հարց։ Այս պահի դրությամբ Սահմանադրությունը չի խրախուսում, այսինքն՝ արգելում է դա։ Որովհետև կա սահմանադրական սկզբունք, որ նշվում է, որ արդարադատություն իրականացնում են միայն դատարանները Հայաստանի Հանրապետությունում։ Իսկ եթե մենք ընդունենք այս դատարանի կանոնադրությունը, կստացվի, որ արդարադատություն կարող է իրականացնել նաև միջազգային ատյանը», - պարզաբանում է միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը՝ հիշեցնելով, որ 2004-ին նաև այս պատճառաբանությամբ էր բարձր դատարանը հակասահմանադրական ճանաչել Հռոմի կանոնադրությունը։
Ու թեև այս ընթացքում Սահմանադրությունը երկու անգամ փոխվել է, բայց արդարադատության վերաբերյալ կետերում փոփոխություններ գրեթե չեն եղել. - «Հետևաբար, Սահմանադրական դատարանը ի՞նչ նոր բան կարող է ասել այն նույն սկզբունքին, ինչի մասին արդեն ասվել է 2004-ին, դժվարանում եմ ասել։ Սպասենք, իսկապես տեսնենք», - նշեց Ղազարյանը։
Անցյալ տարեվերջին կառավարությունը բացատրեց, որ վերադարձել են Հռոմի կանոնադրության ճանաչման հարցին, քանի որ հնարավորություն են տեսել Ադրբեջանին պատասխանատվության կանչելու։ Ավելին, ցանկանում են փաստաթուղթը վավերացնել հետին թվով՝ 2021-ի մայիսից սկսած, որպեսզի կարողանան դատարան դիմել անցյալ տարվա մայիսին Ադրբեջանի՝ Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու ու հանցանքներ գործելու դեպքերով։
Այս առնչությամբ Արա Ղազարյանն ասաց. - «Եթե Հայաստանը որոշել է վավերացնել այս դատարանի կանոնադրությունը, նշանակում է արդեն ունի իդենտիֆիկացված բազմաթիվ անձանց, ովքեր պատերազմական հանցագործություններ են կատարել, կամ ցեղասպանություն են կատարել, կամ մարդկության դեմ ուղղված հանցագործություններ են կատարել։ Սրանք այն միջազգային հանցագործություններ են, որոնք ընկնում են դատարանի իրավազորության տակ»։
Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը հաստատել է 123 երկիր, այդ թվում հարևան Վրաստանը։ Ընդ որում, Բաքվի գործած հանցագործությունների հարցով այս դատարանին դիմելու համար պարտադիր չէ, որ Ադրբեջանն էլ դրա կանոնադրությունը վավերացրած լինի։ Ղազարյանի խոսքով, եթե որևէ հանցանք կատարվել է Հայաստանի տարածքում, դատարանին կարող է դիմել հենց Երևանը. - «Այս դատարանը բավականին մեծ հեղինակություն ունի, թեև այնքան էլ չի փայլում կայացրած վճիռների առատությամբ։ Քսան տարվա մեջ ընդամենը կարծեմ երեք տասնյակ վճիռներ է կայացրել։ Բայց թեման, որով զբաղվում է դատարանը, շատ կարևոր է հատկապես պատերազմող երկրներին, հատկապես այն երկրներին, որոնք ագրեսիվ պատերազմի զոհ են»։
Մասնագետները նաև նկատում են, որ Միջազգային քրեական դատարանը բավականին դանդաղկոտ կառույց է, հետևաբար, անգամ եթե Հայաստանի Սահմանադրական դատարանը հակասություն չտեսնի, Ազգային ժողովը վավերացնի Հռոմի փաստաթուղթը, դրանից հետո Ադրբեջանի արարքների վերաբերյալ քննությունը կարող է տարիներ տևել։