2022 թվականը Հայաստանը փակել է 8,3 տոկոս ընդհանուր տարեկան գնաճով

Մինչ իշխանությունները շարունակում են հպարտանալ «աննախադեպ տնտեսական հաջողություններով», նախորդ տարվա ամբողջ ընթացքում ահագնացած թանկացումները նահանջի միտումներ ցույց չեն տալիս՝ խոցելի խավերի կյանքն է'լ ավելի բարդացնելով։

Վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջնական տվյալների համաձայն, 2022 թվականը Հայաստանը փակել է 8,3 տոկոս ընդհանուր տարեկան գնաճով։

Այսպիսով, սննդամթերքը մեկ տարվա ընթացքում թանկացել է 10 տոկոսով, կոմունալ ծառայությունները՝ ավելի քան 8, հագուստը 7,2 տոկոսով, ռեստորանների և հյուրանոցների ծառայությունները թանկացել են շուրջ 9 տոկոսով։ Գնաճ կա բոլոր ոլորտներում։

Վիճկոմը նաև առանձին ապրանքների գներն է ներկայացրել. հացաբուլկեղենն ու ձավարեղենը 2022-ի ընթացքում թանկացել են 14,1 տոկոսով , միսը՝ 12,3, կաթնամթերքի, պանրի ու ձվի խմբում գնաճը 11,4 տոկոս է կազմել , 10,9 տոկոսով թանկացել են մրգերը և այլն։

Պատասխանատուներն ասում են, որ առաջիկայում գների իջեցում սպասել պետք չէ, սակայն այս տարվա երկրորդ կեսից գնաճի տեմպի նվազում են ակնկալում։

«Մեր վերջին գնահատականների համաձայն, մենք մյուս տարվա երկրորդ կիսամյակին... արդեն վախում եմ ինչ-որ տենց բաներ ասեմ, որովհետև մի քանի անգամ դրա միջով անցել ենք, որ մեզանից անկախ, էկզոգեն գործոններով պայմանավորված, մենք համարյա մոտենում էինք թիրախին, նորից գնացել ենք վերև։ Բայց մեր գնահատականների համաձայն, 2023-ի երկրորդ կիսամյակում մոտենում ենք մեր գնաճի թիրախային մակարդակին՝ 4 տոկոս», - տարեվերջին ասել էր Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

2022 թվականի ընթացքում Հայաստանի տնտեսական կյանքում առանցքային դեր ունեցավ նաև դրամի էական արժեվորումը։ Վիճկոմը փոխարժեքի տատանումներն է նաև ամփոփել. այսպես, մեկ տարվա ընթացքում դրամը դոլարի նկատմամբ թանկացել է 18,7 տոկոսով։

Այսօրվա ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև տնտեսական տարվա մասին։ Նա հայտարարեց, թե Հայաստանը 2022-ն ամփոփել է ավելի քան 12 տոկոս տնտեսական աճով։

Փորձագետներն անցնող ամիսներին շեշտում էին, որ այս աճը ռուսաստանցիների ներհոսքի արդյունքն է, և որ այս ցուցանիշները գործադիրի ջանքերի արտացոլանքը չէ։ Վարչապետը, մինչդեռ, այսօր կրկնեց շաբաթներ առաջ հնչեցրած միտքը՝ «այդ մարդիկ եկել են Հայաստան, և դա ինչ որ բան նշանակում է». - «Էլ չեմ ասում, որ այդպիսի ուղղություն դարձած ոչ բոլոր երկրներում է, որ 13 կամ 12,5 տոկոս տնտեսական աճ է ապահովվել։ Եվ էդ տնտեսական աճի կարևոր գործոններից մեկը իհարկե այն ինստիտուցիոնալ բարեփոխումներն են, որոնք կարող ենք 100 փաստերով էլ ասել, ավելին էլ ասել, որ Հայաստանում տեղի են ունեցել»։

Տնտեսական աճին զուգահեռ բարձր գնաճը ինչպես սոցիալական, այնպես էլ տնտեսական խնդիրներ ստեղծեց, շեշտում է տնտեսագետ Նարեկ Կարապետյանը։ Փորձագետը հիշեցնում է, որ Հայաստանում գնաճի տեմպերը սկսեցին արագանալ դեռ 2020-ի ավարտին՝ 44-օրյա պատերազմից հետո, սրան հաջորդեց միջազգային գնաճի ազդեցությունը։

Եվ արդեն 2022-ի գարնանը՝ ռուս-ուկրաինական պատերազմից հետո մեկ գործոն էլ ավելացավ. տասնյակ հազարավոր ռուսաստանցիների ներհոսքը Հայաստան տարբեր ապրանքների ու ծառայությունների մեծ պահանջարկ ստեղծեց, սա է'լ ավելի մեծ թանկացումների հանգեցրեց. - «Դա ևս իր հերթին գրգռեց որոշակի գնաճի արագացում, հատկապես ծառայությունների սակագների աճի տեսքով, ինչպես նաև անշարժ գույքի աճի տեսքով, որին բոլորս ականատես ենք։ Էս պայմաններում արդեն, եթե ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո մենք ունեինք միջազգային շուկաներից փոխանցվող գնաճային ազդեցություններ, ներկայումս արդեն որոշակի ներքին գնաճի հետ ենք գործ ունենում»։

Տնտեսագետի կարծիքով՝ բարձր գներն արդեն ամրապնդվում են իրենց տեղերում, և առաջիկայում մեծ տատանումներ սպասել պետք չէ։