Հասարակական կազմակերպությունները դադարեցնում են աշխատանքը Ոստիկանության բարեփոխումների համակարգող խորհրդում, ասված է նրանց հայտարարության մեջ։
«Վերջին երկու տարում ակնհայտ դարձավ, որ անգամ հատվածային բարեփոխումների գործընթացը ակտիվորեն դիմադրություն է ստանում համակարգային բարեփոխման չենթարկված ոստիկանության ղեկավարության կողմից (այդ թվում՝ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի, փոխոստիկանապետ Կամո Ցուցուլյանի)», - նշում են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» և «Վարորդի ընկեր» իրավապաշտպան կազմակերպությունները։
Երեկ վարչապետի առաջադրմամբ՝ Հայաստանի ներքին գործերի նախարար նշանակվեց ոստիկանապետ Վահե Ղազարյանը:
Ըստ նրանց՝ նման նշանակումներով քաղաքական իշխանությունը, ըստ էության, ոչ միայն խրախուսում է բարեփոխումների գործընթացին դիմադրողներին, այլև վերացնում է Ներքին գործերի նախարարության ձևավորման գործընթացի նկատմամբ վստահությունը։
«Մենք համարում ենք, որ այս նշանակումներն անխուսափելիորեն կհանգեցնեն համակարգում հովանավորչության ու կոռուպցիայի այլ դրսևորումների նորանոր ծաղկմանը և բարեփոխման արժեքներին տրամագծորեն հակասող այլ ավանդույթների վերահաստատմանը», - շեշտում են ՀԿ-ները՝ հավելելով, որ անիմաստ են համարում իրենց գործունեությունը Ոստիկանության բարեփոխումների համակարգող խորհրդում ու աշխատանքային խմբերում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վահե Ղազարյանը նշանակվել է ներքին գործերի նախարար