«Հայաստան» համահայկական հիմնադրամը կոչ է անում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին, այլ միջազգային կառույցներին ու շահագրգիռ պետություններին անհապաղ ջանքեր գործադրել Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման ուղղությամբ և «երաշխիքներ ապահովել օդային ճանապարհով Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հրատապ հումանիտար աջակցություն հասցնելու նպատակով»։
«Կոչ ենք անում ողջ առաջադեմ մարդկությանը և համապատասխան միջազգային կառույցներին ներդնել իրենց բոլոր ջանքերը՝ կանխարգելելու հնարավոր նոր ցեղասպանությունը, ինչպես նաև պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի բնակչության բոլոր հիմնարար իրավունքները», - ասված է հայտարարությունում։
Ներկայացնելով, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից փակ է Լաչինի միջանցքը՝ հիմնադրամն ընդգծել է՝ «սրանով Ադրբեջանն առնվազն բռնի տեղահանության հիմքեր է ստեղծում, դրանով իսկ վարելով էթնիկ զտումների հստակ քաղաքականություն»։
«Լեռնային Ղարաբաղի բնակչությունը պատանդ է մնացել մի երկրի ձեռքում, որը չնայած ձգտում է մոտ լինել Եվրոպային, սակայն այսօրինակ իր գործողություններով կոպտորեն ոտնահարում և արհամարհում է համամարդկային քաղաքակրթական արժեքները։
Լաչինի միջանցքի երկարատև շրջափակումը հանգեցրել է ահագնացող հումանիտար ճգնաժամի, ինչը կարող է վերածվել հումանիտար աղետի։ Զգալի է դարձել առաջին անհրաժեշտության ապրանքների, սննդի ու դեղորայքի պակասը։ Փաստացի, Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչությունը զրկվել է ազատ տեղաշարժի իրավունքից, հազարավոր մարդիկ, այդ թվում՝ երեխաներ, ձմռան ցուրտ պայմաններում մնացել են ճանապարհներին, բազմաթիվ ընտանիքներ ակամա բաժանվել են՝ հայտնվելով շրջափակման տարբեր կողմերում», - ասված հաղորդագրությունում։
«Հայաստան» համահայկական հիմնադրամը նաև ընդգծել է. - «Ադրբեջանը պարտավոր է անհապաղ դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը և իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունների շրջանակում երաշխավորել այդ կյանքի ճանապարհով Լեռնային Ղարաբաղի բնակիչների ազատ տեղաշարժը և տրանսպորտային միջոցների ու բեռների երթևեկության անվտանգությունը»։
Արդեն շուրջ մեկ ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի խանութներում արդեն ոչինչ չկա՝ միայն խմիչք ու թանկարժեք սոուսներ: Արցախի կառավարությունը պահուստային պաշարից որոշ մթերքներ է բաժանում խանութներին:
Լաչինի միջանցքը շարունակում է բաց մնալ միայն ռուս խաղաղապահների համար, երբեմն այստեղով անցնում են Կարմիր խաչի մեքենաները: