Կոսովոյում երկու սերբ հրազենից վիրավորվել է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 6-ին Ստրեպցե քաղաքում, որի բնակչության մեծ մասը սերբեր են։
Վիրավորվել են 11-ամյա տղա ու 21-ամյա երիտասարդ։ Նրանք կաղնու ճյուղեր էին տանում անտառից։ Կաղնու ճյուղերը սերբերի Սուրբ Ծննդյան ավանդույթներից է։ Հունվարի 6-ին ցերեկը ժամը 15։20-ի սահմաններում նրանց վրա կրակ են բացել շարժվող ավտոմեքենայից, որն արագ հեռացել է միջադեպի վայրից։
Կոսովոյի իշխանությունները հայտնում են, որ ձերբակալված կասկածյալ կա՝ 33-ամյա Ա․Կ.-ն։
Կոսովոյի պաշտպանության նախարար Արմենդ Մեհաջը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ ձերբակալվածը Կոսովոյի անվտանգության ուժերի աշխատակից է, և հավաստիացրել է, որ հետաքննությունը կտարվի օրենքին համապատասխան։ Նա խորը ափսոսանք է հայտնել կատարված համար և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորվածներին։
Ոստիկանությունը և ՆԱՏՕ-ի խաղաղապահներն ուժեղացրել են պարեկությունը։
Վերջին շրջանում Կոսովոյի սերբերի ու իշխանությունների միջև լարվածության աճ կար, սերբերը բարիկադները հեռացրել են Ամանորի տոներին ընդառաջ։