Սունդուկյանի թատրոնը լուրջ ձեռքբերումներ է գրանցել 2022-ին և աննախադեպ արդյունքներ է ակնկալում 2023-ին

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դահլիճը, արխիվ

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը լուրջ ձեռքբերումներ է գրանցել 2022 թվականին՝ նախապատրաստվելով այս տարի արդեն էական տեղաշարժերի մեր ողջ մշակութային դաշտում, «Ազատության» հետ զրույցի ընթացքում ընդգծում էր թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը:

«23 թվականին մեզնից շատ հետաքրքիր իմպուլսներ պիտի ստանա մշակութասեր հասարակությունը: Եվ ընդհանրապես, կարծում եմ, յուրաքանչյուր հայ մարդ, ով ապրում է, ով սիրում է, ով ապրում է երկրի ձեռքբերումներով, պիտի շատ-շատ կարևոր բաներ գտնի 23 թվին Սունդուկյան թատրոնում», - ասաց տնօրենը:

Ի թիվս այլ ձեռքբերումների՝ Սունդուկյանի թատրոնը, ինչպես հավաստիացնում է Վարդան Մկրտչյանը՝ առանց փակագծեր բացելու, միջազգային շատ հետաքրքիր համագործակցության լուրջ հիմքեր է նախապատրաստել:

«Գրեթե վստահ եմ, որ 2023 թվականին այն, ինչ մենք ցանել ենք, այն, ինչ մենք հիմնել ենք 22-ին, 2023-ին մեր հանդիսատեսը պիտի տեսնի դրա արդյունքը: Ես չեմ կարող շատ փակագծեր բացել, պարզապես ասեմ, որ հրաշալի հանդիպումներ ենք ունեցել Պետերբուրգում, շատ, շատ լավ հանդիպում ենք ունեցել ֆրանսիացի մեր գործընկերների հետ, և այն, ինչ մենք պլանավորել ենք 23 թվականին, ուղղակի աննախադեպ պիտի լինի, եթե մեր բոլոր նախագծերը՝ այն, ինչ որ ունենք այս պահին, նույնիսկ եթե 80 տոկոսով իրականացնենք, դա աննախադեպ երևույթ պետք է համարենք», - ասաց Մկրտչյանը:

Սունդուկյանի թատրոնի տնօրենը հիշեցնում է նաև, որ անցյալ տարի աշնանը արդեն իսկ միջազգային մի մեծ համագործակցություն իրականացրին՝ նվիրված թատրոնի հիմնադրման 100-ամյա հոբելյանին. խոսքը Հայաստանում թատերական պաստառների միջազգային փառատոնի մասին է, որն, ըստ Վարդան Մկրտչյանի, աննախադեպ երևույթ էր հայ թատերական կյանքում, այն համախմբեց գրաֆիկական դիզայնի համաշխարհային դեմքերին Սունդուկյանի հարկի ներքո:

«Սա շատ կարևոր քայլ էր, որով մենք հայտարարեցինք ի լուր աշխարհի, որ մենք 100 տարի առաջ՝ 1922 թվականին, երբ որ ցուցադրեցինք «Պեպո»-ի պաստառը, ունեցել ենք 100 տարի առաջ սա, 100 տարիների ընթացքում արեցինք ծաղկաքաղ, ցուցադրեցինք այդ ամբողջ ծաղկաքաղը և մեր վերջին աշխատանքը՝ «Արթուրո Ուիի կարիերան», և ցույց տվեցինք աշխարհին, թե որտեղից ուր ենք հասել: Մեծ, աննախադեպ թվով արվեստագետներ, 406 պաստառի մասնակցություն, 29 երկիր, 177 արվեստագետ՝ սրանք զուտ թվեր չեն, սա լուրջ մասնակցություն էր, լուրջ մրցություն էր՝ միջազգային ժյուրիի առկայությամբ, և սա ես շատ-շատ եմ արժևորում», - ընդգծեց Մկրտչյանը:

Ի պատասխան հարցի՝ հանդիսատեսի առումով ի՞նչ արձագանքներ է գրանցել թատրոնը, տօրենը շեշտեց. - «Մենք միշտ գոհ ենք հանդիսատեսից, մենք միշտ լսում ենք հանդիսատեսին, մենք միշտ հետևում ենք հանդիսատեսին: Եվ նաև մենք առաջ բերեցինք հանդիսատեսի զարգացման ծրագիրը»:

«Մեր հանդիսատեսը շատ նուրբ է, շատ զգայուն է, շատ արագ արձագանքող է, և հանդիսատեսին նայելով, հանդիսատեսին հետևելով՝ ես, իմ անունից թույլ տվեք ասեմ, որ ուղղակիորեն հասկանում եմ, թե մեր երկիրը այս պահին ինչ հոգեբանական վիճակում է գտնվում», - ասաց Վարդան Մկրտչյանը:

«Ես շնորհակալ եմ հանդիսատեսին, առանց նրա չկա թատրոն, առանց նրա չի կարող լինել թատրոն: Եվ այն զարգացման ծրագրերը, այն ամբիցիոզ ծրագրերը, որ մենք առաջ ենք բերում, մենք բերում ենք միայն և միայն կիսելու այդ ամբողջը մեր հանդիսատեսի հետ», - ամփոփեց Սունդուկյանի տնօրենը: