ԱՄՆ-ը Ուկրաինային ևս 3 շուրջ մլրդ դոլարի ռազմական օգնություն է տրամադրում

Ամերիկյան Bradley հետևակի մարտական մեքենան, արխիվ

Միացյալ Նահանգների իշխանությունները պաշտոնապես հայտարարել են Ուկրաինային ավելի քան 3 միլիարդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելու մասին, որն առաջին անգամ ներառում է Bradley հետևակի մարտական մեքենաներ, ինքնագնաց հրետանային կայանքներ և Sea Sparrow զենիթային հրթիռներ:

ԱՄՆ պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն՝ ռազմական օգնության խոշորագույն փաթեթներից մեկում 2,85 միլիարդ դոլարը նախատեսված է Պենտագոնի պահեստներից սպառազինության տրամադրման համար, ևս 285 միլիոնը կհատկացվի Ուկրաինայի զինված ուժերի արդիականացման արտասահմանյան ծրագրերի ֆինանսավորմանը:

Փաթեթում ներառված են, մասնավորապես, 50 Bradley հետևակի մարտական մեքենաներ՝ 500 հակատանկային հրթիռներով և 250 հազար 25 մմ տրամաչափի արկերով, 100 միավոր M113 զրահամեքենա, 18 ինքնագնաց հաուբից, հարյուրավոր հրթիռներ և ավիահրթիռներ, այդ թվում՝ բարձր ճշգրտության, տասնյակ հազարավոր արկեր, HIMARS համակարգերի զինամթերք, Sea Sparrow զենիթային հրթիռներ, դիպուկահար հրացաններ, գնդացիրներ, հակահետևակային ականներ և այլ սպառազինություն:

2022 թվականի վերջին ԱՄՆ-ը հայտարարել էր Ուկրաինային 1,85 միլիարդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելու մասին, որն ընդգրկում էր Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր և JDAM «խելացի» ավիառումբեր:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը 2 միլիարդ 850 միլիոն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ Սենատը հաստատել է 2023-ի բյուջեի նախագիծը, որով 44,9 միլիարդ դոլար կտրամադրվի Ուկրաինային