Աքար. «Անկարան ձեռնարկում է Ուկրաինայում խաղաղություն հաստատելու միջոցներ»

Թուրքիայի պաշտպանուըթյան նախարար հուլուսըի Աքարը, արխիվ

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Թոքաթ նահանգի նույնանուն վարչական կենտրոնում այսօր ասել է, որ Անկարան միջոցներ է ձեռնարկում Ուկրաինայում խաղաղության հասնելու համար:

«Մենք դեմ ենք Սևծովյան տարածաշրջանը ռազմավարական առճակատման գոտու վերածելուն, Թուրքիան ձգտում է Ուկրաինայում կրակի դադարեցմանը և հարատև խաղաղությանը», - հայտարարել է Աքարը:

Նախօրեին Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսով քննարկել են Ուկրաինայում և Սիրիայում ընթացող հակամարտությունների կարգավորման հարցերը: Հունվարի 5-ին Էրդողանը հեռախոսով զրուցել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:

Այսօր այդ խնդրին է անդրադարձել նաև Էրդողանի խոսնակ և խորհրդական Իբրահիմ Քալընը:

Նրա փոխանցմամբ, ամեն ինչ վկայում է այն մասին, որ առաջիկա ամիսներին ռուս-ուկրաիինական պատերազմը կսաստկանա:

«Դա նշանակում է նոր մահեր, ավերներ և լայնածավալ երկարատև ճգնաժամ: Թուրքիան կշարունակի ակտիվ ջանքեր գործադրել {Ռուսաստանի և Ուկրաինայի միջև} բանակցությունների ճանապարհ հաթելու համար»,- ասել է Քալընը: